«Այսօր մենք առաջնագծի մասին կարևոր ինֆորմացիա ստացանք հրավիրված անձի կողմից». Անդրանիկ Քոչարյանը՝ Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի նիստի մասին
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին նախապես ասաց, որ չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել, սակայն պնդումներից հետո միայն ասաց, որ ապրիլյան դեպքերն ուսումնասիրել են կոնկրետ իրենց այսօրվա ծրագրով:
«Նորությունների մասին տեղյակ կպահենք, երբ մենք կանցնենք մեր զեկույցներին»,- նշեց Ա. Քոչարյանը:
Հարցին, թե այսօրվա նիստին կոնկրետ ո՞ւմ էին հրավիրել, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ չի կարող նրա անունը բացահայտել:
«Մենք այսօր պարզապես մեր աշխատանքն ենք անում և ուսումնասիրում, թե առաջնագծում ինչպիսի իրողություններ են եղել, և սա շատ կարևոր էր հետագա մյուս քննության կանչված մարդկանց լսելու առումով: Դուք անընդհատ ման եք գալիս բարձր պաշտոնյաների, բայց այս ամենի մեջ շատ կան ավելի ցածրերը: Այսինքն՝ մեր հերոսապատումը կերտած զինվորները շատ ավելի կարևոր են, նաև զինվորականությունը, քանի որ մենք այդուհանդերձ պետք է հասկանանք, թե ապրիլին ինչ է տեղի ունեցել»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկությունների հնարավորությանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ավելի շուտ կլինեն ոչ թե պաշտոնանկություններ, այլ ամեն ինչ կանեն, որպեսզի ՊՆ-ում հնարավոր թերացումներ չլինեն:
Անդրադառնալով ՊՆ Գլխավոր շտաբի պետին հանձնաժողով հրավիրելու հայտարարությանը, որը հանձնաժողովն արել էր դեռևս ամռանը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նման պաշտոն զբաղեցնող մարդն այդքան փոքր չէ, որ հրավիրեին հանձնաժողով, իսկ մարդիկ դրա մասին չիմանային:
«Մենք ունենք հաստատված ցանկ, և այդ ցանկը չի պակասել, այլ ավելացել է, այսօր էլ այդ մարդկանց կլսենք, վաղն էլ: Աշխատում ենք մեծ քանակությամբ նյութերի ու մարդկանց հետ, օր օրի մեր հանձնաժողովը դառնում է ավելի պրոֆեսիոնալ, օրինակ, Քրիստինե Պողոսյանին կարող ենք ասել, որ ավելի շատ պատկերացումներ ունի Զինված ուժերի կառուցվածքի մասին: Այսօր մենք կարևոր ինֆորմացիա ստացանք հրավիրված անձի կողմից, խոսքը վերաբերում է առաջնագծում եղած իրավիճակի մասին: Այսօրվա մարդը հյուր էր, ով պարզապես ավելացրեց մեր գիտելիքներն ապրիլյան պատերազմի մասին, նա անմիջական մասնակցություն է ունեցել առաջնագծում»,- ընդգծեց նա և հրաժարվեց ասել, թե ով է կարևոր ինֆորմացիա հաղորդող անձը, միայն ասաց, որ նա ժամկետային զինծառայող է եղել ապրիլյան դեպքերի ժամանակ:
Զվարթ Խաչատրյան