«Սա ոչ այլ ինչ է, քան պետության վտանգում. երևի թե հանձնարարություն կա՝ Հայաստանի Հանրապետությունը վերացնել». Վարդան Բոստանջյան

Գործադիրը երեկ հաստատեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները:

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի նպատակով նախագծով առաջարկվում է հարուցված քրեական գործերով վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը, և դրան զուգահեռ՝ դատական վերահսկողության շրջանակներում նախատեսել երաշխիքներ՝ քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում, որում պետք է գնահատի, թե արդյո՞ք քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանք պարզելու համար անհրաժեշտ է նշված տեղեկությունների բացահայտումը, Դատարանն այդ հանգամանքը պետք է գնահատի քննիչի կողմից ներկայացված ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալների հիման վրա, և այլն։

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը կառավարության այս քայլը որակեց՝ «սարսափելի անլուրջ և սխալ».

«Կայացած և մեծ վստահություն ունեցող համակարգի՝ բանկային համակարգի նկատմամբ վստահության կտրուկ անկում կլինի: Ցանկացած երկրի տնտեսական առաջընթացն ուղղակիորեն պայմանավորված է ֆինանսական հոսքերի արդյունավետությամբ: Այդ ֆինանսական հոսքերի արդյունավետության կտրվածքով՝ բանկային գաղտնիքն էական նշանակություն ունի, որի պարագայում ժամանակավորապես ազատ դրամական միջոցները հավաքվում են ֆինանսական համակարգում և տեղաբաշխվում են ռացիոնալ առաջնահերթ տեղամասում: Դա ՀՀ-ում իրականացնում է բանկային համակարգը: Բանկային գաղտնիքի վերացումը նշանակում է՝ այդ ինստիտուտի բացառում, և քանի որ մեզ մոտ ֆինանսական ակտիվների գրեթե 85 տոկոսը գտնվում է բանկային համակարգում, այստեղից են ծագում այդ ռիսկերը»:

Տնտեսագետը կետ առ կետ առանձնացրեց այս օրենքից բխող ռիսկերը.

«Հիմնական ռիսկերն են.

1-ին՝ մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում,

2-րդ՝ սահմանադրական պահանջ հանդիսացող ֆինանսական կայունության ապահովման գործընթացի վտանգում,

3-րդ՝ Հայաստանի մրցակցային դիրքի խաթարում,

4-րդ՝ շուկայական հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածում Հայաստանում ամենակայացած և ժամանակակից պահանջներին բավարարող բանկային համակարգի նկատմամբ վստահության կտրուկ անկում,

5-րդ՝ կանխիկ շրջանառության խթանում, անկանխիկ գործարքների տեսակարար կշռի մեծացում, խնայողությունների և ժամանակավորապես ազատ դրամական միջոցների փոշիացում, ռացիոնալ տեղաբաշխումների վտանգում, փողի արտահոսքի ուժգնացում, փողն անվերահսկելի համակարգերում՝ բիթքոինի նման տեղամասերում, տեղադրում և այդպես շարունակ,

6-րդ՝ արժեթղթերի շուկայի զարգացման խոչընդոտում,

7-րդ՝ բանկային գաղտնիքն առանց դատախազի որոշման դատարանին հասանելի դառնալու ապահովում,

8-րդ՝ որոշման իրավունք ունեցողների սուբյեկտիվ նպատակների իրագործում,

9-րդ՝ յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ վաղուց մահացածների, առանց լուրջ հիմքերի մեղավոր կամ հանցագործ ճանաչելու վտանգ,

10-րդ՝ այս ասպարեզում ձևավորված ուսանելի միջազգային փորձի լրիվ անտեսում»:

Հետաքրքրվեցինք՝ իշխանությունները չե՞ն հաշվարկել այս ամենը, ինչո՞ւ են նման քայլի գնում, նպատակը ո՞րն է:

«Չգիտեմ: Իմ պատգամավոր եղած ժամանակ, երբ ստրիպտիզի մասին օրենքի նախագիծը բերել էին, ես հեգնանքով նշեցի, որ եկեք՝ միանգամից ընդունենք օրենսգիրք՝ ՀՀ կործանման մասին, այդ օրենսգրքով թող հեստապարը լինի, խաղատները լինեն, զվարճանքի վայրերը լինեն, այլասերվածության բոլոր ինստիտուտները լինեն. հիմա հասկանում եմ, որ այդտեղ կարելի է ավելացնել նաև բանկային գաղտնիքը: Սա ոչ այլ ինչ է, քան պետության վտանգում: Տեսեք՝ մշակույթի նախարարությունը վերացրեցին, կրթությունում հարցականներով լի է, թե ինչեր են կատարվում, և այլն, այսինքն՝ սկսում ես մտնել դավադրությունների տեսության մեջ, ըստ որի՝ երևի թե հանձնարարություն կա՝ Հայաստանի Հանրապետությունը վերացնել»:

Տեսանյութեր

Լրահոս