Բրիտանական դեսպանատունը պատրաստվում է Պարաօլիմպիական խաղերի բացմանը
«Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ և շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարաօլիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով»,- այս մասին ասված է Երևանում Բրիտանական դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության մեջ:
«Երևանում Բրիտանական դեսպանատունը Պարաօլիմպիական խաղերն արժևորելու իր նախաձեռնություններն ունի: Դեսպանատունը վերափոխել է Բաղրամյան 34 հասցեում գտնվող իր պատի Գրաֆիտին և այն այժմ խորհրդանշում է Լոնդոնի Պարաօլիմիական խաղերը: Սա մի քայլ է մարդկանց ներկայացնելու պարաօլիմպիական խաղերի և հավասար հնարավորությունների գաղափարի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մինչ Պարաօլիմպիական խաղերի սկիզբը դեսպանատունը կներկայանա նոր միջոցառումներով:
*1948 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումներն սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին Պարալիմպիկ խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960 թվականին: Եթե առաջին Պարալիմպիկ խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008 թվականի Պեկինի խաղերին` 146 երկրի 3951 ներկայացուցիչ: