Բաժիններ՝

Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին:

Սեպտեմբերի 5-ին նա իր այս կարծիքը հայտնել է Twitter-ում։ «OFAC-ն իրեն բացառապես որպես բանտապան է պահում»,- գրել է Զարիֆը: «Եթե հետաձգում խնդրեք, նա կմերժի եւ մենախուց կնետի հանդգնության համար, իսկ եթե խնդրեք մեկ անգամ էլ, ապա կարող եք հայտնվել կախաղանին»,- նշել է Իրանի նախարարը:

Նրա տեսակետով՝ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը (պատժամիջոցները – ծանոթ. խմբ.) մեղմացնելու միակ միջոցը դահճի օղակից վճռականորեն ազատվելն է»:

Սեպտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Իրանին վերաբերող պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավական անձ, ինչպես նաեւ մի շարք լցանավեր:

«OFAC-ը միջոցներ է ձեռնարկել բեռնափոխադրման խոշոր ցանցի դեմ, որը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի կառավարման ներքո եւ որին ֆինանսական աջակցություն Է ցույց տալիս»,- ասված է այն հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս