«Մարդը իրա ցավն էր ապրում, երևի իրա շենքն է». Ֆելիքս Ցոլակյանը՝ Սամվել Ալեքսանյանի «Մալաթիա մոլի» հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարելու մասին
Այս ամռանը տեղի ունեցած հրդեհների 90 տոկոսից ավելին մարդկային գործոնով է պայմանավորված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մենք ունենք դեպքեր, որոնք, ապացուցված է, որ այրել են դիտավորյալ: Երեք դեպքով Դատախազությունում քրեական գործեր կան, մեր հետաքննությունը փոխանցել է Դատախազություն: Մեկը եղել է անձնական մոտիվներով, մյուսների մասին դեռ չգիտենք: Այդ երեք դեպքերն էլ խոշոր չեն եղել, փոքր դեպքեր են: Ծիծեռնակաբերդինն էլ զուտ անզգուշություն է եղել: Մարդը տանում այնտեղ հրավառություն է անում՝ առանց մտածելու հետևանքների մասին»:
«Ձյունիկ» գործարանում բռնկված հրդեհի մասին Ֆ. Ցոլակյանն ասաց, որ չի ուզում խառնվել սեփականատերերի և մյուսների վեճերին:
«Մենք մեր գործն այնտեղ արել ենք, հանգցրել ենք հրդեհը, մինչև այսօր հեթապահություն ենք անում, քանի որ բարդ գործընթացներ կան: Անհրաժեշտ էր փչացած մթերքը դուրս հանել այնտեղից, որը մեզ հաջողվեց անել միացյալ ուժերով, Կառավարության միջամտությամբ: Մոտ 1000 տոննա փչացած մսամթերք հանվեց, որը շատ վտանգավոր էր: Համաճարակի պատճառ կարող էր դառնալ: Հետաքննություն է իրականացվում: Նախնական նյութերը տրվել են արդեն տարբեր տեղեր փորձաքննության, 4-5 փորձաքննություն կա նշանակված: Նույնն էլ «Մալաթիա մոլի» դեպքում կարող եմ ասել»:
Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ղեկավարում էր հրդեհաշիջման աշխատանքները, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ նա իր ցավն էր ապրում:
«Մարդը իրա ցավն էր ապրում, երևի իրա շենքն է: Ինքն էլ ասաց, որ իր շենքն է, սեփականությունն է: Շենքի համար ինքը ցավում է»:
Սամվել Ալեքսանյանը խոստացել էր նաև հյուրասիրություն կազմակերպել հրդեհը մարողների համար: Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ այս մասին կարծիք հայտնել չի ուզում.
«Դե հիմա մարդ է, խոստանում էր, բայց չի տարել, թույլ չեմ տվել»:
Սամվել Ալեքսանյանի կողմից ոստիկաններին առաջարկված կաշառքի մասին լուրերի առնչությամբ էլ Ֆ. Ցոլակյանն ասաց, որ ԱԻՆ աշխատակիցներին կաշառք առաջարկելու մասին որևէ տեղեկություն չունի, բայց այդ երևույթն էլ կաշառք չի համարում:
«Կաշառք տալիս են որոշակի գործի դիմաց, բնութագիր պետք է տրվի՝ դա կաշա՞ռք է, թե՞ ոչ: Մարդու մտածելակերպն է այդպիսին»:
Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ ԱԻՆ-ում օպտիմալացում կսկսվի հոկտեմբերից: Իսկ ինչ վերաբերում է աշխատակիցների աշխատավարձերին՝ նա ասաց, որ ուզում են դրանց բարձրացումը զգալի լինի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ