Հիվանդանոցում գտնվող Տիմոշենկոն չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որը բուժվում է Խարկովի հիվանդանոցում, մինչև հիմա չի կարողանում ինքնուրույն շարժվել,- ուրբաթ լրագրողներին հայտնել է գերմանացի բժիշկ Աննետ Ռայսհաուերը, որը երկու օր առաջ ժամանել է Խարկով, որպեսզի վերահսկի նախկին վարչապետի վիճակը:
«Գազի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն ներկայումս բուժման կուրս է անցնում Խարկովի հիվանդանոցում: Նա չի վստահում ուկրաինացի բժիշկներին` նրանց համարելով քաղաքական առումով կողմնակալ, այդ պատճառով նրա առողջական վիճակին հետևում են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները: Նրանք պարբերաբար գալիս են Խարկով, ուկրաինացի բժիշկներին թողնում են բուժման հետ կապված ցուցումներ:
Ռայսհաուերը կարծում է, որ բոլոր ցուցումներին հետևելու դեպքում կարելի ակնկալել հիվանդի առողջական վիճակի բարելավում:
Ռայսհաուերը ուրբաթ վերադառնում է Գերմանիա:
Առողջական վիճակի բավարար չլինելու պատճառով Տիմոշենկոն չի կարող ներկա լինել դատին: Այդ պատճառով դատն արդեն մի քանի անգամ հետաձգվել է:

Տեսանյութեր

Լրահոս