Ո՞ւմ «մարդն է» Արսեն Թորոսյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո «ծովը ծնկներից էր թվում» ու ինչ բարձր պաշտոնյա էր նշանակում վարչապետը, որևէ մեկը չէր հետաքրքրվում նրա կենսագրությամբ։ Այն ժամանակ, երբ ասեին, որ այսինչը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, հեղափոխականները միաբերան կգոռային՝ հակահեղափոխական սուտ է, Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Նրա բոլոր կադրերը նոր են, մաքուր, ազնիվ և կապ չունեն նախկինների հետ։ Հիմա, երբ շատ պաշտոնյաների կենսագրության մեջ խորանում ես, հասկանում ես, որ Առաջին նախագահի թիմից է եղել։
Առողջապահության նախարարի շուրջ ստեղծված աղմուկից հետո էլի նույն մտայնությունը՝ ո՞նց հայտնվեց։ Ու գտնում եմ լրատվամիջոցներից մեկին տված նրա հարցազրույցներից մեկը։ Արսեն Թորոսյանն է պատմում․
«2008-ին եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: DVD սկավառակները 10 հազար օրինակով ձայնագրում էինք ու իմ մեքենայով տարբեր գյուղերում էինք բաժանում: Ի դեպ, այդ ամենն արել ենք անաչառությամբ, ասում էին՝ ցույցերին մասնակցելու համար ձեզ գումար և պիցցա են բաժանում, իսկ ես իմ աշխատավարձն էի ծախսում:
2008-ի ընտրություններին իմ գրպանից մոտ 1500 դոլար գումար եմ ծախսել՝ DVD-ներ կրկնօրինակելու համար, այն ժամանակ էլ ասում էինք՝ DVD-ների հեղափոխություն է: Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո եղել եմ նաև բազմաթիվ ակցիաների ու նախաձեռնությունների մասնակից»:
Այսինքն ի՞նչ է ստացվում։ Ինքը պայքարում էր Սերժ Սարգսյանի դեմ, բայց այդ ժամանակ այնքան լավ էր ապրում, որ կարող էր իր աշխատավարձից լրացուցիչ 1500 դոլա՞ր ծախսել Առաջին նախագահի համար։ Ու այդ պայմաններում բողոքո՞ւմ էր։ Հազար պատճառաբանություն կարող է բերել, բայց սա փաստ է ու անհերքելի փաստ։
Ինչևէ, ուզում եմ հասկանալ՝ «ո՞ւմ մարդն է Արսեն Թորոսյանը»։ Ո՞վ է նախարար նշանակել՝ 2008-ի հեղափոխության ղեկավա՞րը, թե՞ այս հեղափոխության ղեկավարը։ Կամ գուցե դրանք նույն մարդիկ են, ասեն՝ հասկանանք, կողմնորոշվենք։ Ես, ինչպես նաև շատերը, քաղաքական իրավիճակին տեղյակ ենք եղել ու համոզված, որ Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հակառակորդներ էին։ Ինչպե՞ս է ստացվեց, որ Լևոն որ Տեր- Պետրոսյանի վստահված անձը նախարար դարձավ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: