«Ժողովուրդն արդեն ասում ա` Սերժ Սարգսյանը 20.000 պետք ա բաժանի, 10.000 չենք վերցնի»

«Ես դեմ եմ Եվրասիական միությանը միայն այն պատճառով, որ Թուրքիան էլ է մտնում դրա մեջ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Կարապետյանը: «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է պետք այդ ամենն անպայման ձևավորել այնպես, որ լինի երկու ճակատ` Եվրասիան և ԱՄՆ-ն իր կողմնակիցներով: Ես չեմ հասկանում, թե ընդհանրապես ինչ դերակատարություն պետք է ունենա Հայաստանն այնտեղ: Հայաստանը պետք է մտահոգված լինի արդարությամբ և ժողովրդի բարեկեցությամբ, որը սարսափելի վիճակում է, ժողովուրդը չի կարողանում ապրել»:

Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե ո՞ւմ է տեսնում որպես նախագահական ընտրությունների ֆավորիտ, նա պատասխանեց. «Ով էլ լինի, ժողովուրդն արդեն ասում ա`Սերժ Սարգսյանը 20.000 պետք ա բաժանի, 10.000 չենք վերցնի: Ֆավորիտը փող տվողն է և դրսի ուժերը»:

168.am-ի հարցին, թե այդ դեպքում դրսի ո՞ր ուժերը կարող են ազդել, օրինակ, նախագահ Սերժ Սարգսյանի վրա, նա պատասխանեց. «Վերջերս Պուտինը հրավիրել էր (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:- Ա.Ս.) և Եվրասիայի խնդիր էր դրել, ուրեմն՝ ազդում է, չէ՞: Թե չէ՝ ինչո՞ւ պետք է հրավիրեր, Սերժ Սարգսյանն էլ հրատապ մեկներ Մոսկվա: Այնպես որ՝ դրսի ուժերը ազդում են»:

Իսկ մեր մյուս հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք այդ հանդիպման մասին, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Ես ասացի իմ կարծիքը Եվրասիական միության մասին. Թուրքիան և թուրքալեզու մի շարք պետություններ մտնում են Եվրասիայի մեջ այդ շրջանակներում: Ես դեմ եմ դրան»:

Տիգրան Կարապետյանը գտնում է, որ դա ընդամենը քաղաքական պայքար է Ռուսաստանի և Արևմուտքի միջև. «Դա պայքար է, ինչքա՞ն կարելի է պայքարել: Ես չեմ ուզում, որ Արևմուտքը և Ռուսաստանի Դաշնությունը Եվրասիայի ղեկավարությամբ միմյանց դեմ պայքարեն, քանի որ մենք փոքր պետություն ենք և ամեն դեպքում՝ կտուժենք»:

 


Տեսանյութեր

Լրահոս