Ժամանակավոր սահմանափակում Մ6 ավտոճանապարհին. կատարվելու են ժայռապայթեցման աշխատանքներ
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։
Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: