Եզդիներին հիշում են միայն ընտրությունների ժամանակ

2007թ. օգոստոսի 14-ին Բաղդադում զոհվեց ազգությամբ եզդի 1000 քաղաքացի: Հայաստանի երիտասարդ եզդիների նախաձեռնությամբ այս տարի առաջին անգամ Երևանում կազմակերպվեց հիշատակի երեկո՝ նվիրված զոհված եզդիների հիշատակին:

«Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիի, «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանի և շատ այլ եզդիների ջանքերով այսօր հանրությանը ներկայացվեցին եղդիների ցեղասպանությունը վկայող 2 տասնյակից ավելի լուսանկարներ: Ցուցահանդեսին ներկա էին ինչպես եզդի համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ:

Եզդիների մշակույթին ծանոթանալու նպատակով ցուցահանդեսին եկել էր նաև «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:  Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի դիրքորոշում ունի «Ժառանգությունն» ազգային փոքրամասնությունների վերաբերյալ:

«Ես հրավեր էի ստացել եզդի համայնքի ներկայացուցչի կողմից և սիրով մասնակցեցի: Կարծում եմ, եզդիները հանրապետության արժանավոր քաղաքացիներ են և արժանի են նրան, որ նաև քաղաքական ուժերը հետաքրքրվեն թե՛ իրենց մշակույթով, թե՛ իրենց պահանջմունքներով՝ կլինի քաղաքական  թե մշակութային: Ինչպես գիտեք, Իրաքում եզդիական համայնքը լուրջ խնդիրներ ունի, ինչը, կարծում եմ, մեր կառավարությանը  չպետք է անտարբեր թողնի»,- ասաց Խուրշուդյանը:

ՀՀ կառավարական, ինչպես նաև՝ քաղաքական ուժերի կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ ուշադրություն է լինում միայն ընտրությունների շեմին:

Մեզ հետ զրույցում եզդիական համայնքի ներկայացուցիչները մտավախություն հայտնեցին, որ քաղաքական ուժերի կողմից ուշադրությունը, հնարավոր է, պայմանավորված է 2013թ. նախագահական ընտրություններով: Մեր հարցին՝ արդյոք արդարացված չէ՞ եզդիական համայնքի այս մտավախությունը, Հ. Խուրշուդյանը պատասխանեց. «Ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությունը և նրանց խնդիրների լուծումը մեր պետության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի: Իրենք են շփվել կառավարական օղակների և իշխանությունների հետ, և իրենց կարծիքը կարող է և որոշակի հիմքեր ունենալ: Կարող եմ պատասխանել մեր կուսակցության անունից: Մենք մշտապես ազգային փոքրամասնությունների խնդրով զբաղվել ենք և, զուտ այն համատեքստում, որ ցանկացած քաղաքացի՝ անկախ պատկանելություններից, պետք է պաշտպանված լինի օրենքով: Առանց այն էլ, քիչ ունենք ազգային փոքրամասնություններ: Գոնե եղածներին էլ պետք է այնպես վերաբերվենք, որ իրենք զգան իրենց մեր պետության լիարժեք քաղաքացի»:

 

Տեսանյութեր

Լրահոս