Բաժիններ՝

Միհրան Պողոսյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան… Ո՞ւմ ընկերություններն են հայտնվել ՊԵԿ-ի թիրախում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի կողմից 2019 թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել թվով 900 ստուգումներ: ՊԵԿ-ի կայքից տեղեկացնում են, որ դրանցից բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները մոտ 630-ն են, միջին ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները` 230, ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված հարկ վճարողները` 40:

ՊԵԿ-ի թիրախում են հայտնվել նախկին ու ներկա իշխանավորների պատկանող բազմաթիվ ընկերություններ, որոնց շարքում են՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսանի ԲՈՒԱՏ», հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» և «Բանանեկ», նախկին օլիգարխ և, ըստ օդում կախված լուրերի, ներկա իշխանություններին սատարող խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ», «Ալեքս էնդ հոլդինգ», «Նատալի ֆարմ», «Լուս աստղ» և այլ ընկերություններ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես կենտրոն», «Մուլտի ագրո գիտաարտադրական կենտրոն», «Մուլտի գազ», ընդ որում՝ վերջին ընկերությունում վերջին անգամ ստուգումներ եղել են հենց այս տարի՝ 2019թ.-ին:

Ցուցակում են նաև հայտնի «ՍանիՏեք», «Գազպրոմ Արմենիա», «Լիդիան Արմենիա», «Սպայկա» ընկերությունները, և այլն:

Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցվող ընկերություններից ոմանք ևս ՊԵԿ ուշադրության կենտրոնում կլինեն՝ «Նաիրի բժշկական կենտրոն», «Գոլդեն փելես հյուրանոց» և այլն:

Հիշեցնենք, որ համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսվարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսվարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ` բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ, իսկ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս