«Թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվ գործողություններ է կատարում, ինչը Հայաստանի և Արցախի համար կարող է վտանգավոր լինել». Ադրբեջանագետ

Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիայի հետ չեղարկել վիզային ռեժիմը, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանի հետ վիզան վերացրել էր 2007 թվականին, ըստ որի՝ Ադրբեջանի քաղաքացիներն այդ երկրի տարածքում կարող էին մնալ 30 օր։ Վիզայի չեղարկումից հետո նույնքան ժամկետով էլ Թուրքիայի քաղաքացիները կարող են մնալ Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկու երկրների միջև վիզաների չեղարկմանը, նկատեց՝ առանց վիզաների վերացման էլ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները փոխադարձ այցերի հետ կապված երբևէ խնդիրներ չեն ունեցել, քանի որ վիզային ռեժիմը չափազանց ազատականացված էր։

«Թուրքիայի և Ադրբեջանի փոխհամագործակցությունը բոլոր ոլորտներում թույլ է տալիս եզրակացնել, որ երկու երկրների հարաբերությունները բարձր դաշնակցային հարաբերությունների մակարդակին են։ Ինչ վերաբերում է վիզայի հետ կապված որոշակի սահմանափակումներին, ապա Թուրքիան մեծ ու բազմազգ  պետություն է, որի պարագայում Ադրբեջանը կարիք ուներ որոշ չափով հետևել իր երկրի ելք ու մուտքին՝ ունենալով որոշակի մտավախություններ ժողովրդագրության, տնտեսության հետ կապված։ Բայց այսօր, ելնելով իրենց ընդհանուր շահերից, Ադրբեջանը գնաց այդ քայլին, երկու երկրների շահերը համընկնում են՝ ինչպես իրանական հարցում, այնպես էլ՝ այլ ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի հարցերում»,- ասաց ադրբեջանագետը։

Նրա խոսքով՝ ժամանակին Թուրքիան ուղղակիորեն ներգրավված էր Արցախի հակամարտության մեջ, և այսօր վիզայի չեղարկումից չպետք է զարմանալ, քանի որ նրանց համագործակցությունն ունի հեռահար նպատակներ տարածաշրջանում։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է դրա հետ կապված վտանգներին՝ Գրիգորի Այվազյանը նշեց, որ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվ գործողություններ է կատարում ռուսական ուղղվածությամբ, ինչը Հայաստանի ու Արցախի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ, քանի որ երկու երկրներն այս հարցում որոշակի առաջ են գնացել։

«Առնվազն Ռուսաստանում վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ տիրում է բարի վերաբերմունք, Արևելք-Արևմուտք հակամարտության համատեքստում փորձում են թուրքական խաղ խաղալ, սակայն իրականում Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին օգտագործում են։ Խայտառակ ծրագրեր են իրականացվում, փորձում են ֆիլմեր նկարել ռուս-թուրքական բարեկամության մասին, մինչդեռ ամեն ինչ այդպես չէ, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական հակառակորդներ են։ Այն խոսակցությունները, թե իբրև Թուրքիան ԵԱՏՄ-ում դիտորդի կամ անդամի կարգավիճակ կարող է ստանալ, մեզ համար հղի են վտանգներով»,- շեշտեց Գ. Այվազյանը։

Ըստ ադրբեջանագետի՝ այս ամենի համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզաների չեղարկումը միայն մեկ կաթիլ է երկու երկրների բուն գործողությունների մեջ, քանի որ տեղի են ունենում գործընթացներ, որոնք առաջին հայացքից՝ թվում է, թե վերաբերում են միայն Ադրբեջանի ներքին կյանքին, սակայն այդպես չէ։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Ադրբեջանում փոխեցին երկարամյա վարչապետին, ուժային կառույցների ղեկավարների, որը, ներքին գործընթացներով հանդերձ, անդրադառնալու է նաև տարածաշրջանի գործընթացների վրա։

«Մեզ համար վտանգավոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Իրանի շուրջ, և ԱՄՆ-Իրան ծայրաստիճան հարաբերությունների սրումը ձեռնտու է Ադրբեջանի և Թուրքիայի համար, նրանք փորձում են այդ ջրում ձուկ որսալ, և այստեղ մեծ թիրախներից մեկը Հայաստանն է։ Մեր զգոնությունը չպետք է կորցնենք և ադրբեջանական սադրանքները ոչ թե պետք է չեզոքացնենք, այլ վարենք այդ սադրանքները կանխարգելելու քաղաքականություն։ Ադրբեջանում դպրոցական նստարանից սկսած սերմանում են հայատյացություն, և այդ երկրի բոլոր գործողությունները տարածաշրջանում մեզ համար մեծագույն վտանգ են ներկայացնում»,- ընդգծեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս