«Չեն կարողանում թռչել, սնունդ փնտրել». Հայաստանի թռչունների պահպանման միության ղեկավարը՝ յուղով պատված արագիլների մասին
«Արարատի մարզում արագիլների փետրավորման աղտոտման և անկման վերաբերյալ դեռևս նորություն չկա: Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ջրերը տարել ենք, ուսումնասիրություն է կատարվում, և լաբորատորիայից պատասխանը երևի կստանանք մեկ շաբաթվա ընթացքում»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Ղասաբյանը:
Նրա փոխանցմամբ՝ խնդիրը միայն Հովտաշեն համայնքում չէ:
«Սա բավականին լավ տարածված է: Հովտաշենը կենտրոնն էր, բայց Ռանչպարի ու դեպի Երևան եկող կողմերում էլ կա: Արդեն բավականաչափ բներ դատարկ են, հիմա ես չեմ կարող ասել՝ այնտեղ կեղտոտված արագիլներ կայի՞ն, թե՞ մաքուր արագիլներ էին: Վարկածներից մեկն այն է, որ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղն է պատճառը, բայց հստակ չեմ կարող ասել: Հնարավոր է՝ գետի մեջ ինչ-որ բան են գցել, թռչուներն էլ ափին սնվել են, յուղային մասը քսվել է իրենց վրա, փոշին նստել է, պնդացել ու սևացել է: Ի դեպ, ինչ վերաբերում է սևությանը, Հովտաշենում նկատեցի, որ վառված տարածքներ կան, արագիլները մտնում են մեջը, մորեխ են ման գալիս, միգուցե քսվել է ու այդպես են սևացել: Հիմա կարևորը ինչ-որ մի ձև արագիլներին պահպանելն է: Չեն կարողանում թռչել, սնունդ փնտրել: Լվացրել էին արագիլներին, բայց երեկ տեսանք, որ էլի նույն վիճակում են: Հետևաբար, պետք է կերակրել: Գիտեմ, որ մարդիկ պատրաստակամություն են հայտնել սնունդի հարցը լուծել: Ժամանակավոր պետք է պահենք, որ չսատկեն»,- մանրամասնեց Մամիկոն Ղասաբյանը:
Հայաստանի թռչունների պահպանման միություն հասարակական կազմակերպության ղեկավարն ասաց, որ իր կարծիքով՝ կեղտոտված արագիլների թիվը 100-ից ավելի է:
«60-70 արագիլ երևի մենակ Հովտաշենում է: Մեզ մոտ տարեկան 600-800 արագիլի բույն է լինում, հիմա թե ինչքանն է վնասվել, ես չգիտեմ: Սուրենավանի, Խոր Վիրապի մոտ կեղտոտ արագիլներ չկան, Արտաշատի կողմերում՝ նույնպես: Հիմնականում կեղտոտ արագիլները ոնց որ Մասիսի շուրջն են հավաքված»,- հավելեց նա:
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանից էլ հետաքրքրվեցինք՝ արդյոք ժամանակավոր լուծվե՞լ է սննդի հարցը: Նա դրական պատասխան տվեց՝ ավելացնելով, որ այդ ամենը կազմակերպվելու է տեղի ադմինիստրացիայի միջոցով:
Ընդգծենք, որ արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, բույսերով:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար՝ ինչ նյութերով են աղտոտվել թռչունները:
«Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է գրառման մեջ:
Մեկ այլ գրառմամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ շարունակվում է Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ»։
Կենդանաբանության ինստիտուտի աշխատակցուհի Լյուբա Բալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:
«Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով, և որի հետևանքով թռչունն անընդունակ էր թռչելու: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները, ծածկված են յուղանյութով՝ ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում մեզ հաջողվեց փետուրներն ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ մեր մասնագետները (Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ և Հայաստանի թռչունների պահպանման միություն Armenian Society for the Protection of Birds (ASPB) շրջապտույտ կատարեցին Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից՝ ընդհուպ մինչև Մասիս քաղաք և Սիս համայնք ընկած հատվածը, ընդգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարևանության մեջ: Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%-ը), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը:
Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետներն ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր, սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ՝ պատճառն ավելի քան ակնհայտ է՝ ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացմանը և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ՝ որպես էկոլոգիական աղետ:
Անհապաղ հարկավոր է պարզել՝ որտե՞ղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում/նետում բնական միջավայր՝ ավելի հստակ՝ Հրազդան գետի մեջ, որի հետևանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկման: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից:
Ի դեպ, այդ աղետը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին եկել նոր փետուրներ՝ աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու այս արագիլների հետ: Իհարկե, տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով՝ դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին»,- գրել է նա։
Անի Կարապետյան