«Այն իշխանությունը, որը եկել է ատելության խոսքի տարածմամբ, չի կարող հրաժարվել իր գործիքակազմից»
«Միջազգայնորեն որոշ տենդենցներ կան՝ ուժեղացվում է ատելություն, բռնություն, խտրականություն քարոզող խոսքը, բայց սա չի նշանակում, որ քաղաքական խոսքի պաշտպանության շրջանակները նեղացվում են»,- այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը ասաց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը:
Ըստ իրավագետի՝ քաղաքական գործիչներին քննադատելուն միտված խոսքը կարող է պարունակել չափազանցություն և որոշակի վիրավորանքի տարրեր, որը քաղաքական գործիչների դեպքում կարող է թույլատրելի լինել. «Ինչո՞ւ հենց քաղաքական գործիչների դեպքում, և ոչ՝ մասնավոր անձանց, որովհետև քաղաքական գործիչները կայացնում են մեզ բոլորիս համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներ, և այդ որոշումների բացասական հետևանքները կրելու ենք մենք, հետևաբար՝ վերջիններիս գործունեությունը քննադատելու տեսանկյունից պարտավոր են ավելի բաց լինել և խիստ քննադատությունն ընդունել:
Այս տեսանկյունից՝ ես չէի ասի, որ եվրոպական ստանդարտները մեղմացման միտումներ են ցուցադրում, ավելին, կա կլասիկ օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննված, երբ քաղաքականության մեջ կառավարության անդամի սխալ որոշումը հանգեցրել էր որոշակի դժգոհության, և վերջինիս հիմար էին անվանել: ՄԻԵԴ մոտեցումն այդ հարցի շուրջ հստակ էր՝ այստեղ գործ ունենք կլասիկ քաղաքական խոսքի պաշտպանության հետ, և լրագրողներն ու այլ անձինք կարող են խիստ քննադատության ենթարկել քաղաքական գործիչներին՝ առանց վախենալու ներգործության միջոցներից»:
Նրա խոսքով՝ որպեսզի ատելություն և բռնություն սերմանող խոսքի պայքարն առավել արդյունավետ լինի, պետք են մի քանի քայլեր՝ մոնիտորինգ, արդյունավետ օրենսդրական դաշտի ստեղծում, ինքնակարգավորում:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը քննարկման ժամանակ նշեց, որ բռնության, ատելության խոսքը, հայհոյանքները հեղափոխությունից հետո են ինտենսիվացել. «Իհարկե, մինչ այդ էլ են եղել նման տիպի դրսևորումներ, սակայն ինտենսիվացել, հանրային բարոյականությանը վնասող խնդիր են դարձել հեղափոխությունից հետո:
Ինչո՞ւ մինչև այդ հայհոյանք չկար կամ քիչ էր, որովհետև հասարակությունը մերժում է հայհոյողին, նրան մարգինալացնում է։ Իսկ ինչո՞ւ հետո հայտնվեց, որովհետև հետո մենք հասարակության փոխարեն՝ ունենք երկու ենթահասարակություն՝ սպիտակների ու սևերի»:
Ա. Ենոքյանը նկատեց՝ երբ իշխանության ներկայացուցիչները խոսում էին, որ պետք է բռնության խոսքի դեմ պայքարել, որոշակի օրենսդրություն ընդունել, իր մոտ միանգամից կասկած է առաջանում, որովհետև երբ բռնության խոսք տարածողը խոսում է բռնության խոսքի դեմ պայքարի մասին, նշանակում է, որ նոր բռնություններ են լինելու, կամ բռնության խոսքի նոր տարափ է լինելու։
«Այն իշխանությունը, որը եկել է ատելության խոսքի տարածմամբ, չի կարող հրաժարվել իր գործիքակազմից, քանի որ հենց դրանով է առաջնորդվել՝ ստանալով հասարակական կարծիքի ձևավորման հնարավորություն և ստանալով մերժողական քաղաքական վարքագծի ձևավորում։ Պարզ է, որ ինքը շարունակելու է այդ վարքագիծը, որովհետև ատելությունը և քննադատությունն այսօրվա դրությամբ ցանկացած հասարակության կողմից պահանջված է ավելի շատ, քան կառուցողականը և հանունը։ Մենք միշտ եղել ենք դեմ, քանի որ «ընդդեմ»-ն ավելի հեշտ է անել, քան «հանուն»-ը, դրա համար ատելության խոսքը նրանք կշարունակեն կիրառել»,- հավելեց «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան