«Այդ մարդկանց ալտերնատիվ ի՞նչ պիտի առաջարկվի». Նաիրա Զոհրաբյանը՝ իջևանյան դեպքերի մասին
«Այն, որ որևէ մեկը չպիտի ունենա ինդուլգենցիա ապօրինի ծառահատման, դա փաստ է, և այստեղ պաշտպանում եմ վարչապետի տեսակետը, բայց էստեղ նաև կա հարցի մյուս կողմը՝ այդ մարդկանց ալտերնատիվ ի՞նչ պիտի առաջարկվի, եթե իրենք 30 և ավելի տարի շարունակ դրանով են զբաղված եղել, որովհետև 30 և ավելի տարի շարունակ չի եղել աշխատանք, չի եղել այնպիսի կազմակերպված պետություն, որն այդ մարդկանց աշխատանք կառաջարկեր։ Հիմա ի՞նչ պիտի անեն նրանք, պիտի համալրեն արտագաղթի ավտոբուսների թիվը»,- լրագրողների հետ զրույցում Իջևանի հայտնի իրադրաձություններին այսպես արձագանքեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ քաղաքից բացակայել է և դեռ մանրամասներին չի տիրապետում, բայց նշեց, որ կփորձի հասկանալ՝ որքանով էին օրինաչափ և իրավաչափ ոստիկանների գործողությունները, և կզբաղվի այն քաղաքացիների խնդրով, ովքեր վնասվածքներ էին ստացել:
Ըստ պատգամավորի՝ հարցի լուծումը հնարավոր է գտնել եռակողմ քննարկման մեջ. «Ես կարծում եմ, որ էստեղ չպիտի տանեին էսկալացիայի, բախումը հրահրելու, այլ պիտի նստեն մարզային իշխանությունը, Կառավարությունը, համայնքը եռակողմ, փորձեն լուծումներ գտնել»:
168.am–ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Իջևանի ցուցարարների՝ ուղղորդված լինելու մասին իշխանությունների հայտարարությունները, Ն. Զոհրաբյանը պատասխանեց.
«Գիտեք, ես չեմ կարծում, թե ուղղորդված է, որովհետև ես այդ մարդկանց հետ տարիներ շարունակ շփվել եմ. իրենց եկամտի միակ աղբյուրը եղել է դա, ցավոք սրտի, այո, նրանից շատերի հետևում նաև կանգնած են եղել հայտնի մարդիկ, ովքեր ուղղակի թալանել են մեր անտառները, և այսօր մենք ունենք բնապահպանական աղետի կարմիր սահմանագիծ՝ անտառածածկ տարածքների հետ կապված»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյո՞ք բիզնես անողները չեն կանգնած բողոքողների հետևում, պատգամավորն արձագանքեց.
«Միգուցե և կանգնած են, ես չեմ կարող խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը և առանց փաստերի նման հայտարարություն անել:
Ես կարող եմ ենթադրել, բայց ինձ համար ազնիվ էր այն երիտասարդի մղումը, ով ասաց, որ ես իմ երեխային քնեցնում եմ շուտ, որ նա երրորդ անգամ ուտելու ցանկություն չունենա:
Եվ հավատում եմ բազմաթիվ քաղաքացիների, ովքեր անելանելի վիճակում են, բայց ես նրանց երբեք կոչ չեմ անի՝ գնալ և հատել անտառները»:
Նա հավելեց, որ անտառածածկ տարածքի առումով ունենք լրջագույն խնդիր, իսկ անտառահատությունն իր հետ, դոմինոյի էֆեկտով, կբերի էկոհամակարգի բալանսի խախտում, ինչը տեսնում ենք Սևանի դեպքում.
«Տարիներ շարունակ Սևանի ափամերձ հատվածների համար գումարներ են տրվել բյուջեից և դրամաշնորհներ, բայց տարբեր բնաապահպանության նախարարներ լափել են Սևանին հատկացվող բյուջեն, հետո ծլկել են…»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան