Բաժիններ՝

Երիտասարդներն ամբողջ օրն անցկացնում են համակարգիչների առջև

Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է: Այդ առնչությամբ հայ երիտասարդությանը հուզող խնդիրների շուրջ մեր խմբագրությունը հարցումներ կատարեց Երևանի երիտասարդության շրջանում:

Գայի արձանի դիմացի փողոցի մայթին երթուղային տրանսպորտի սպասող 20-ամյա Անի Գրիգորյանից իմացանք, որ ինքն ունի բակալավրի աստիճան և միջազգային հարաբերությունների մասնագետ է: Անին ասաց, որ հիմա փորձում է աշխատանք գտնել իր մասնագիտությամբ, ինչը շատ դժվար է, քանի որ դա պահանջարկ չունեցող մասնագիտություն է, իսկ որևէ դեսպանատանն աշխատանքի անցնել կարող է միայն 25-26 տարեկանից:

«Իսկ հիմա ի՞նչ պետք է անեմ` չգիտեմ: Շատ դեպքերում էլ գործատուները ներկայացնում են այնպիսի չափանիշներ, որ բուհում այդպիսի կրթություն չի ապահովվել: Գործազրկությունն իրոք խնդիր է մեզ`երիտասարդներիս համար: Մեծ խնդիր է նաև դրա հետևանքով առաջացող արտագաղթը: Չնայած` կան մարդիկ, որ ապահովված են աշխատանքով, բայց էլի լքում են հայրենիքը. դրանից կարելի է եզրակացնել, որ հայ երիտասարդության գլխավոր խնդիրներից է նաև հայրենասիրության պակասը: Անհրաժեշտ է դրա դեմն առնել:Օրինակ`ԶԼՄ-ներով կամ որևէ այլ կերպ հայրենասիրություն քարոզել, այլապես վտանգն արդեն մեծանում է, ու չգիտեմ, թե ուր կարող է հասնել»,- իր մտահոգություններով անկեղծացավ Անին, ով խնդիր է համարում նաև երիտասարդության ժամանցի ճիշտ կազմակերպումը:

Մայթի վրա գտնվող վանդակաճաղերին հենված, ականջակալներով երաժշտություն լսող աղջիկը մեր հարցին ի պատասխան՝ անտարբեր հայացքով ասաց. «Ես հայ երիտասարդ չեմ, ուրիշ երկրից եմ»:

Արամի փողոցում շենքերից մեկի մուտքի մոտ նստած 31-ամյա դերասան Հակոբ Գուլիկյանը երիտասարդության հիմնախնդիրը համարեց անգործությունը. «Գործատուներն աշխատանքին համարժեք գումարով չեն վարձատրում, ուստի մարդիկ մտածում են, որ ավելի լավ է տանը նստեն, քան աշխատեն`շահագործվելով,- ասաց Հակոբն ու ավելացրեց,- Ես որպես դերասան չեմ աշխատում, բայց արդեն իմ բիզնեսն եմ ստեղծել, որտեղ շատ շուտով աշխատելու և նորմալ աշխատավարձ են ստանալու շատ դերասաններ»:

Հակոբի կողքին գտնվող տարիքով տղամարդը, որ 23 տարեկան դուստր և 21 տարեկան որդի ունի, չներկայանալով`միջամտեց մեր խոսակցությանը. «Ես բիզնեսմեն եմ, մեքենաների վերանորոգման իմ սեփական բիզնեսն ունեմ: Ինձ մոտ էլ են երիտասարդներ աշխատում: Երիտասարդությունը շատ թամբալ է, հարուստ մարդու որդին չի աշխատում, քյասիբի որդին է աշխատում: Ուզում են միանգամից միլիոնատեր լինել: Կամք չունեն, թասիբ չունեն, փոքր դժվարություններից հուսահատվում են: Ես էլ երիտասարդ զավակներ ունեմ, գիտեմ: Ժամանակին չեն քնում ու ժամանակին չեն արթնանում: Ամբողջ օրը համակարգիչների դիմաց նստած են անցկացնում: Իրենց պետք է հսկել, դնել պատասխանատվության առաջ»:

Բուհերից մեկի Կիբեռնետիկայի ֆակուտետում սովորող և «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող թերթի կրպակում աշխատող 21-ամյա երիտասարդն ասաց, որ ինքը երբևէ չի մտածել և չի կենտրոնացել հայ երիտասարդության խնդիրների շուրջ, բայց իր կարծիքով՝ հայ ազգն ամեն ինչին համակերպվող ազգ է. «Երբ որ ջոջի թուլեն գալիս է, ջիպով կանգնում այստեղ, գումարը նետում իմ դիմաց ու սիգարետ պահանջում, ես սիգարետ վաճառելու փոխարեն՝ նրան իր գումարը ետ եմ վերադարձնում: Գնամ ո՞ւմ բողոքեմ: Օրերս այդպիսի մեկին հենց նման պահվածքի համար ծեծել եմ: Կամ, որ մարդուն «փուռը գցեմ», այսինքն`ոստիկանների ձեռքը հանձնեմ, ինչ-որ բան կփոխվի՞»: Հետո մտածելով ու ժպտալով`կիբեռնետիկ-թերթավաճառն ավելացրեց. «Խնդիրներ շատ կան. որևէ մեկը չեմ կարող առանձնացնել: Իմ խնդիրները հիմնականում ընկերուհուս հետ են կապված»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս