Նիկոլ Փաշինյանը նշել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործունեության ուղղությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի անելիքներին, նշել է. «Այսօր քննարկելու ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ գործունեության հետ կապված հարցերը և աշխատանքի հիմնական ուղղությունները: Ցանկանում եմ հիշեցնել, որ այս խոսակցությունը ծագել էր դեռ անցած տարի, և հիմնադրամը ձևավորվել է Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու կամ, ավելի ճիշտ, պոտենցիալ ներդրողներին սպասարկելու խնդրի համատեքստում»:
««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը և տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը զեկուցել են մինչ օրս հիմնադրամի կողմից գործունեության տեսլականի մշակման և ներդրումային ծրագրերի փաթեթի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել են առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի հնարավորությունները:
Խորհրդակցությանը քննարկվել են ֆոնդի գործունեության նպատակներին, գործառույթներին և ուղղություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ակտիվների կառավարման մոդելին, ֆոնդի և պետական գերատեսչությունների միջև համագործակցությանը, ներդրողների հետ աշխատանքի սկզբունքներին, ներդրողներին գործարար խորհրդատվության տրամադրմանը, ներդրումային ծրագրերի փաթեթի ձևավորմանը և այլ հարցերի:
Աշխատանքի ճիշտ կազմակերպման և արդյունավետության համատեքստում վարչապետ Փաշինյանը նախ և առաջ կարևորել է համատեղ համակարգված աշխատանքը՝ գործառույթների հստակեցման և կրկնությունների բացառման համար:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը, նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը պետք է իրականացնի հետևյալ 4 գործառույթները՝ պետական ակտիվների կառավարում, պատրաստի ներդրումային փաթեթի ձևավորում, փաթեթների հիման վրա ներդրողների հետ աշխատանք (փնտրել/առաջարկել/ներկայացնել), ինչպես նաև պոտենցիալ ներդրողի մոտ և՛ գաղափարի, և՛ գումարի առկայության պարագայում ներդրողի համար կոնսիերժի/խորհրդատուի գործառույթի իրականացում: