Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Պարոն Տուսկ, ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ: Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք կարևորում ենք ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ կապերի զարգացման գործում և շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար», – նշել է ՀՀ վարչապետը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում և հանդիպում ունենալ ՀՀ վարչապետի հետ: «Պարոն վարչապետ, սա մեր առաջին հանդիպումն է Երևանում: Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և Ձեզ հետ սկսած արդյունավետ շարունակական երկխոսությունը՝ ուղղված մեր փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու սերտացմանը», – ասել է ԵԽ նախագահը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հայաստանի վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ խոսելով անկախ դատաիրավական համակարգի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դատական անկախ համակարգի կայացումը Հայաստանի համար օրակարգային առաջնահերթություն է, և եվրոպական կառույցների, այդ թվում՝ Եվրամիության տեխնիկական և ֆինանսական օժանդակությունն այդ գործընթացին մեծ կարևորություն ունի մեր երկրի համար: Դոնալդ Տուսկը նշել է, որ եվրոպական կողմը լիովին վստահում է ՀՀ վարչապետի և կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը և իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու Հայաստանին այդ բարեփոխումը հաջողելու հարցում:
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է առաջիկայում այս ուղղությամբ առարկայական երկխոսությունը մեկնարկելու հարցում: ԵԽ նախագահ Տուսկն ասել է, որ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի ԵՄ անդամ պետություններին:
Կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման ընթացքի շուրջ, կարևորել դրա գործընթացի շուտափույթ ավարտին հասցնելը: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2019 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորություններին:
Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու տրամաբանությանը և երախտագիտություն հայտնել ԵՄ կողմից այս հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար:
Այնուհետև ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահի հանդիպումը շարունակվել է առանձնազրույցի ձևաչափով, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը շրջել են Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայում և այցելել Երևանի Եվրոպայի հրապարակ: Շրջայցից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: