«Անկախ դատական համակարգը ժողովրդավարության և նաև տնտեսական ու սոցիալական զարգացման էական բաղադրիչ է». Դոնալդ Տուսկ
«Իմ այցելությունը ՀՀ ապացույց է այն կարևորության, որը ԵՄ-ն դրսևորում է Հայաստանի նկատմամբ»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը։ Նա նշեց, որ ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու՝ ՀՀ Կառավարության ցանկությունը։
Դոնալդ Տուսկի որակմամբ՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարության և նաև տնտեսական ու սոցիալական զարգացման էական բաղադրիչ է։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ ԵՄ-ն նաև այստեղ կշարունակի փորձագիտական և լրացուցիչ օժանդակությամբ, լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով՝ օգտակար լինել ՀՀ-ին։
«Մենք քննարկեցինք նաև մասնագիտական Հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու հարցը։ Ընդունելով ՀՀ կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը, ԵՄ-ն համարյա կրկնապատկել է 2019 թվականի համար իր օժանդակությունը Հայաստանին։ Այդ միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել, ներառյալ՝ ենթակառուցվածքային և բնապահպանական»,- ասաց Տուսկը։
Այս համատեքստում նա նշեց, որ կանխավ վայելում է Սևանա լիճ իր այսօրվա այցելությունը՝ նշելով, որ ԵՄ-ն այդ հարցում օժանդակելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, որը համաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցի ժամանակ։
«Առիթ կունենամ այցելել Սևանավանք, մի հուշարձան, որն ապացույց է ՀՀ հազարամյա ազդեցությանը եվրոպական մշակույթի վրա»,- ասաց Տուսկը։