Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժածներից երկուսը վաղը դուրս կգրվեն, 13-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Tert.am
Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո այս պահին Արարատ ԲԿ-ում կա երկու տուժած. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը:
«Մեզ մոտ հիմա երկու տուժած կա՝ աղջիկ երեխա և միջին տարիքի տղամարդ, նրանց վիճակը բավարար է: Գիշերը հանգիստ են եղել, առավոտյան այցին բավարար վիճակում էին: Հավանաբար, վաղը դուրս կգրվեն, հետո արդեն ամբուլատոր բուժումը կշարունակեն»,- ասել է Սարդարյանը:
Նա նշել է, որ իրենց մոտից Երևանի ԲԿ-ներ տեղափոխված տուժածների վիճակը համեմատաբար ծանր էր, հիմնականում ստացել էին այրվածքներ և գանգուեղային տրավմաներ:
Աղբյուրը նշում է, որ երեք տուժած տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Այստեղ գտնվող երիտասարդ աղջիկը վիրահատվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը Tert.am-ին տեղեկացրել է, որ իրենց մոտ տեղափոխված 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Կյանքին վտանգ չի սպառնում: «Երեխան գիշերը վիրահատվել է, վիրահատությունն անցել է լավ, որից հետո տեղափոխվել է համապատասխան բաժին: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո»,- ասել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



