Մանուկ Նիգոյանը չի ընդունում Տիգրան Վիրաբյանի փաստարկներն ու պնդում է իր մեղադրանքը
Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանին մեղադրում է քաղաքային բյուջեին ավելի քան 8 մլն դրամի վնաս հասցնելու մեջ։ Ֆեյսբուքյան իր էջում Նիգոյանը երեկ հայտարարել է, որ 2015 թվականին Երևանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո իրեն պատկանող ընկերությունը դարձել էր այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը:
«5 ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության և վերջինիս կողմից ապօրինություններն այլևս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը»,- գրել է Մ.Նիգոյանը՝ հավելելով, որ 2018 թվականի օգոստոսին, 3 տարի տևած դատական քաշքշուկներից և դատական 3 ատյաններով՝ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններով, անցնելուց հետո հաղթել է ընդդեմ ՊԵԿ-ի մղվող դատը՝ ևս մեկ անգամ ապացուցելով վարչական ակտի շինծու լինելը:
Սակայն այժմ, ըստ նրա, բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության և հանցավոր անգործության արդյունքում՝ Երևանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4 մլն ՀՀ դրամ, քանի որ արդեն 2 ամիս Կենդանաբանական այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4 մլն դրամ:
«Ուրբաթ օրվանից զանգահարել եմ Երևանի քաղաքապետարանի մի քանի բաժիններ՝ Գնումների վարչություն, քարտուղարություն, Անշարժ գույքի կառավարման վարչություն, քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարան, և այլն: Երեք օր տևած բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում պարզում եմ Կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության մրցույթով զբաղվող պաշտոնյայի անունը, մի կերպ գտնում եմ վերջինիս, ու պարզվում է, որ նշված մարդու մոտ Կենդանաբանական այգուն վերաբերող որևէ փաստաթուղթ առկա չէ, միակ տեղեկությունը, որ ստանում եմ, դա այն է, որ Կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքների աճուրդներին առնչվող հարցերը համակարգում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Եթե Տիգրան Վիրաբյանը, բացի պետական սուբսիդավորմամբ գործող թատրոնի, այսինքն՝ պետբյուջեի միջոցով զրոյական տնտեսական ռիսկեր ունեցող կազմակերպության կառավարում իրականացնելուց, երբևէ զբաղված լիներ մասնավոր տնտեսական գործունեությամբ, իր վրա կրած լիներ բիզնեսի դժվարությունները, ձախողելու ռիսկերն ու շահույթը մեծացնելու համար ջանք թափած լիներ, կհասկանար, որ յուրաքանչյուր տնտեսվարողի համար սրճարանային գործունեության հնարավոր 5 ամիսներից 2-ի կորուստը պոտենցիալ շահույթի անդառնալի կորուստ է, և հարված Երևանի քաղաքային բյուջեին, հետևաբար՝ քաղաքի խնդիրները շուտափույթ լուծելու հեռանկարին: Եվ ողջ էս ընթացքում, երբ ես գրում եմ այս ամենը, իսկ Տիգրան Վիրաբյան անունով փոխքաղաքապետը խոսում է քաղաքը զարգացնելու մասին»,- գրել է Մ. Նիգոյանը՝ հաշվարկելով, որ մինչև աճուրդային գործընթացի ավարտը 4 ամսվա վարձակալական գումարը կկազմի 8 մլն ՀՀ դրամ։
«168 Ժամի» հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հայտարարեց, թե որևէ գործողություն անելու համար պետք է այդ գործողությունները լինեն իր լիազորությունների տիրույթում.
«Աճուրդների կազմակերպումն իմ համակարգման ոլորտում գտնվող աշխատանք չէ, և ինձ չեն կարող մեղադրել մի բանում, որն իմ համակարգման ոլորտում չէ։ Բայց ես տեղյակ եմ՝ ինչ է տեղի ունեցել։ Այնտեղ չափագրման, գնահատման աշխատանքներ են կատարվում։ Չլինելով այդ ոլորտի համակարգողը, այնուամենայնիվ, տեղյակ եմ, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, և գիտեմ, որ կատարվող գործընթացները շատ օբյեկտիվ պատճառներով են, որ դրանք ժամանակատար են։ Իսկ մեղադրել մի բանում, որի անմիջական համակարգողը չեմ, մեղմ ասած՝ ճիշտ չէ»։
Դիտարկմանը, որ Մ. Նիգոյանը նշում է, որ իրեն քաղաքապետարանում են ասել, որ պատասխանատուն Վիրաբյանն է, փոխքաղաքապետը հակադարձեց. «Չի կարող աճուրդների համակարգման կամ տարածքների վարձակալման գործ լինել ինձ մոտ, որովհետև այդ ոլորտի համակարգողը ես չեմ։ Եվ ցանկացած հրապարակումից առաջ պետք է ճշտել մի քանի կողմից, որպեսզի հրապարակման արդյունքում նման իրավիճակում չհայտնվի մարդ, որին մեղադրեն մի բանի մեջ, ու պարզվի, որ նա դրա պատասխանատուն չէ»։
Թե ո՞վ է պատասխանատուն, Վիրաբյանը հստակ չնշեց և միայն ասաց. «Առանձին վարչություն է, գույքի ու տարածքների աճուրդներով զբաղվող վարչություն է, որոնք ունեն օբյեկտիվ պատճառներ, թե ինչու է գործընթացը նման փուլում։ Բայց ամեն դեպքում՝ ճիշտ կլինի այդ հարցն ուղղել իրենց»։
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ Նիգոյանի գրառումից հետո ինքն անձամբ զանգել է ու զրուցել նրա հետ, ասել, որ գրառման մեջ մի շարք դրույթներ, մեղմ ասած, իրականությունից հեռու են. «Չի կարելի ինձ մեղադրել, որ միայն Գյումրու թատրոնի տնօրեն եղած ժամանակ եմ, այսպես ասած, պետական բյուջեով սնվող հիմնարկություն ղեկավարել, եթե ես մի անգամ ղեկավարած լինեի որևէ փոքր բիզնես, տեղյակ կլինեի։ Էլի ինֆորմացիան թյուր է մեր հարգելի օգտատիրոջ, որովհետև մինչև Գյումրու թատրոնի տնօրեն աշխատելը ես եղել եմ տնտեսվարող, ունեցել եմ իմ առանձ փրոդաքշընը, իրավաբանական գրանցումով, ծավալել եմ այդ գործունեությունը, և այդտեղ էլ ինձ չի կարելի մեղադրել, որ ես տնտեսվարողի վիճակի մեջ չեմ մտնում և չեմ հասկանում իրադրությունը։ Եթե ունենար լիարժեք ինֆորմացիա, նա կիմանար, որ ես զբաղվել եմ այդ գործունեությամբ և գիտեմ՝ ինչ է նշանակում լինել՝ տնտեսվարող։ Այդ ինֆորմացիան նույնպես մոտ չէ իրականությանը»։
Տ.Վիրաբյանի դիտարկմամբ՝ չնայած ընդհանուր քաղաքականության համար քաղաքապետարանում բոլորն են պատասխանտու, բայց այդ ոլորտի համար ինքը չի կարող պատասխանել. «Մասնագետների հստակ խումբ է զբաղվում։ Իմ ունեցած տեղեկությունը մակերեսային է»։
Տ.Վիրաբյանը նաև նկատեց, որ նախկինում որևէ կոնֆլիկտ չեն ունեցել Նիգոյանի հետ. «Ինքն աշխատել է Համազգային թատրոնում փոխտնօրեն, մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք եղել։ Ես չգիտեմ՝ ովքեր են իրեն փոխանցել այդ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիան։ Իր որոշելիքն է, թե ինչպես կարձագանքի այս ամեն ինչին, որովհետև փաստերը խոսուն են և շատ պարզ»։
Մ. Նիգոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ երեկ խոսել են Վիրաբյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, սակայն պնդեց, որ հենց Վիրաբյանն է քաղաքապետի այն տեղակալը, որը պատասխանատու է այս իրավիճակի համար. «Վստահեցնում եմ, որ Կենդանաբանական այգում տարածքների վարձակալական գործընթացի կառավարմամբ զբաղվում է Տիգրան Վիրաբյանը։ Ինձ միլիոն մարդ էլ գա համոզի, ես պատահական մարդ չեմ և բավականին խոհեմ եմ, որ մի քանի ռեսուրսով ճշտեմ իմ իմացած ինֆորմացիան»։
Նկատելով, որ շուրջ կես ժամ Տ.Վիրաբյանն իրեն բացատրել է, թե ինչու է գնացել աճուրդային պրոցեսի, ինչու է այն երկար տևում, Մ.Նիգոյանը հարցադրում արեց. «Եթե նա չի զբաղվում, ո՞նց էր էս ամենն ասում։ Երեկ մանրամասն պատմել է աճուրդային պրոցեսի ստեղծման պատճառների, Կենդանաբանական այգու ռիսկերի մասին։ Եթե ինքը չի զբաղվում, թող տա այն փոխքաղաքապետի անունը, ով զբաղվում է։ Եվ հետո, ո՞վ ասեց, որ, եթե նա չի զբաղվում, ապա նա մեղավոր չի։ Այս դեպքում բոլորն էլ մեղավոր են, այդ թվում՝ Հայկ Մարությանը։ Պետական կառավարման օղակ է քաղաքային իշխանությունը, որտեղ յուրաքանչյուր ներկայացուցիչ հավասարապես պատասխանատու է»։
Մ.Նիգոյանն օրինակ բերեց, որ, եթե որևէ իշխանություն մտադրվում է Սահմանադրություն փոխել, հին Սահմանադրությունը շարունակում է գործել, մինչև նորն ընդունվի և ուժի մեջ մտնի։ Ըստ նրա՝ նույն կերպ այգու տարածքում նախկինում գործող տնտեսվարողները պետք է շարունակեին աշխատել, մինչև նոր փոփոխությունները կավարտվեին։
Ի դեպ, նա առաջարկեց իր անվարձահատույց խորհրդատվությունը քաղաքապետարանին։