Բաժիններ՝

«Ի հայտ են գալիս նոր արտոնյալներ, որոնք իշխանիկների, քաղաքային իշխանության ու մնացյալի տեսքով են». Փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ այսօր Հայաստանի դատական իշխանությունը նման է նախորդ դարի 90-ականների դատական իշխանությանը։ Ավելին, եթե մինչև հեղափոխությունը խոսվում էր մեկ կենտրոնական տեղից ուղղորդվելուց՝ որոշակի գործերով, ապա այսօր այդ համակարգն ավելի վատթար վիճակում է գտնվում։

«Եթե նախորդ դարի 90-ականներին յուրաքանչյուր լիազոր մարմին՝ գործկոմի նախագահներ, հարկային տեսչության պետեր և այլն, իրենց իրավունք էին վերապահում ուղղորդել դատական իշխանություններին, ապա այսօր նույն գործընթացը տեսնում  և դրա մասին բարձրաձայնում եմ։ Այսօր էլ Հայաստանում դատական որոշ գործերի մասով կա ուղղորդում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ Հայաստանում, երբ  քաղաքացին է դիմում դատական պաշտպանության, որի միջին աշխատավարձը 200-300 դոլար է և պետք է վճարի,  օրինակ՝ 500 հազար կամ 1 մլն դրամ պետական տուրք, ապա բացարձակ չի բավարարում միջնորդությունը տարաժամկետելու, դատական իշխանությունը բոլորովին հաշվի չի առնում այն հանգամանքը, որ այդ գումարով քաղաքացին կարող է բավարարել մինիմալ պահանջները։

«Չգիտես ինչու, քաղաքային իշխանությունը վճարում է ընդամենը 20 հազար դրամ, և բավարարում են միջնորդությունը  և վարույթ ընդունում։ Գուցե սա այդքան էլ կարևոր չէ, բայց սա կարևոր է այնքանով, որ տեսնենք  ՀՀ քաղաքացու վստահությունը դեպի իշխանությունը և դատական իշխանությունը  այն դեպքում, երբ ունենալով իրավունքներն իրացնելու խնդիր, բայց չունենալով դրամ, չի կարողանում իրացնել»,- շեշտեց Լևոն Բաղդասարյանը։

Նրա դիտարկմամբ՝ վստահ էին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ երկրում արտոնյալները վերացել են, սակայն հարց է առաջանում՝ նո՞ր արտոնյալներ են բուծում։

Փաստաբանն արձանագրեց, որ առերևույթ ձերբազատվել են նախկին արտոնյալներից, բայց այսօր  ի հայտ են գալիս նոր արտոնյալներ, որոնք իշխանիկների, քաղաքային իշխանության ու մնացյալի տեսքով են։

«Երևանի քաղաքային իշխանությունը փոխարենը  մտածի, թե ինչ պետք է անի, որպեսզի զարգացնի բիզնես միջավայրը, ամեն ինչ անում է, որպեսզի ունեզրկի տվյալ բիզնեսը, և ամեն ինչ անում է, որպեսզի դատարանում իր ուրույն դերն ու տեղն ունենա։ Որպես իրավապաշտպան՝ պայքարելու եմ։ Եթե այս ամենից հետո գործադիր իշխանությունը համապատասխան հետևություն չանի, ապա, կարծում եմ՝ իրավական հարթության վրա իրավապաշտպաններս պետք է վերցնենք դիմադրության իրավունքը»,- եզրափակեց Լ. Բաղդասարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս