Բաժիններ՝

ԵՊՀ ուսխորհրդի նախագահին հարցաքննության են կանչել մի որոշման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում, որի կայացմանն ինքը որևէ մասնակցություն չէր կարող ունենալ

168.am-ն արդե տեղեկացրել էր, որ հունիսի 28-ին՝  Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստից հետո, որի ընթացքում մասնավորապես քննարկվել էին նաև կառուցվածքային որոշ փոփոխությունների հարցեր, ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն  էր կատարել.

«Ծանրաբեռնված օրվա հաճելի անակնկալը:
Չգիտեմ, թե էսօր Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում ինչը էն չեմ ասել, բայց ինձ հուլիսի 3-ին հրավիրել են հարցաքննության: Եթե հանկարծ պարզվի, որ գրպանումս հայտնաբերվել ա մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք, ի սկզբանե ասեմ ձեզ` այդ ամենի հետ ես կապ չունեմ»։

Գրառմանը Դավիթ Ափոյանը կցել էր նաև ծանուցագիրը, որից պարզ էր դառնում, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող ինչ-որ քրեական գործի շրջանակներում նա վկայի կարգավիճակով հրավիրվում է հարցաքննության։

Մենք նաև նշել էինք, որ կխուսափենք որևէ եզրահանգում անել այն մասին, թե որքանով կարող էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կապ ունենալ Դավիթ Ափոյանին հարցաքննության հրավիրելու հետ։

Երեկ 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսխորհրդի նախագահն ասաց, որ իրեն կանչել էին հարցաքննության մի որոշման առիթով հարուցած քրեական գործի շրջանակներում, որի կայացման պահին ինքը եղել է զինվորական ծառայության մեջ։

Խոսքը, ըստ Դավիթ Ափոյանի, ԵՊՀ հյուրերի տան օտարման որոշման մասին է։

Մենք էլի կխուսափենք եզրահանգումներ անել, միայն փաստենք, որ մարդը վկայի կարգավիճակով հարցաքննության է կանչվում մի որոշման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում, որի կայացմանը ոչ մի կերպ չէր կարող առնչություն ունենալ այն պատճառով, որ այդ ընթացքում ծառայության մեջ է եղել ՀՀ զինված ուժերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս