Բաժիններ՝

«Նորմալ երևույթ է. տնտեսության մեջ ավել դոլար է առաջանում, դա պահեստավորում են, որ հետո նորից տնտեսության մեջ մտցնեն». Միքայել Մելքումյանը՝ ԿԲ պահուստավորած դոլարի ծավալի մասին

«Իմ քայլը հունուն Տավուշի» տնտեսական ֆորումում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական ոլորտի մի շարք ձեռքբերումներ, ապա տեղեկացրեց, որ  այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի:

«Վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ տնտեսության արյունատար օղակները բացվել են, և մեզ պետք են անհատական ջանքի օրինակներ: Այստեղ կարևորն աշխատանքը, ստեղծագործությունը, ինքներս մեզ, մեր երկրին, մեր ապագային, մեր տաղանդին հավատալն է: Յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, բացառիկ, աշխարհում և Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, որ հավատան իրենց տաղանդին»,- ասել էր վարչապետը:

168.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը պարզաբանեց, որ խոսքը շուկայում առաջացող ավել դոլարի մասին է. «Շուկայում ավել դոլար է առաջանում, որը տարբեր գործոններով է պայմանավորված (իսկ պահուստները Կենտրոնական բանկում են՝ շուրջ 2 միլիարդի չափով)՝ 171 միլիոնն այդ լրացուցիչ գումարն է»։

Տնտեսագետը ներկայացրեց այդ գործոններից մի քանիսը՝ փոխարժեքի նվազում, զբոսաշրջիկների թվի աճ, տրանսֆերտներ և առևտրաշրջանառության դանդաղում.

«Վերջին մի քսան օրը տեսանք, չէ՞, որ դոլարը 487-ից իջել է 475-476… Դա նշանակում է՝ մի մասը զբոսաշրջիկներն են շատ գալիս-ծախսում, երկրորդը՝ տրանսֆերտներն են շատացել Ռուսաստանից, երրորդն էլ՝ դոլարի նկատմամբ ընդհանուր պահանջարկն է ընկել, նաև չեմ բացառում, որ առևտրաշրջանառության որոշակի դանդաղում լինի՝ մանրածախ առևտրաշրջանառության»։

Մեր հարցին, թե արդյո՞ք ներկայացվող թվերը նորություն կարելի է դիտարկել, Մ. Մելքումյանը պատասխանեց.

«Բացարձակ նորություն չեն, ինչո՞ւ պիտի նորություն լինեն. ԿԲ-ն իր գումարներն առնում է, որպեսզի փոխարժեքը էլի չընկնի, եթե Կենտրոնական բանկն այդ դոլարը չառնի շուկայից, կուրսը կիջնի մինչև 350-400։ ԿԲ-ն առնում է, հանում է շրջանառությունից դոլարը, որպեսզի փոխարժեքը պահպանվի։

Տնտեսության մեջ ավել դոլար է առաջանում, դա պահեստավորում են, որ հետո նորից տնտեսության մեջ մտցնեն։ Նորմալ երևույթ է»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս