Բանականությունից ու խոհեմությունից անդին, կամ՝ թիրախում Արցախն է

Վերջին ամիսներին, հատկապես իշխանամերձ դեմքերի և իշխանամերձ լրատվամիջոցների հռետորաբանությունն Արցախի նկատմամբ կտրուկ փոխվել է, ինչը միանշանակ մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Պարբերաբար հնչում են այնպիսի կոչեր ու մեղադրական հնչերանգ ունեցող արտահայտություններ, որոնք բոլոր ճանապարհներով տանում են փակուղի:

Նման հակաարցախյան ակնհայտ դիրքորոշում և հերթական սեպ խրելու փաստ է նախօրեին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի դիտարկումները, որով նա անհիմն ու մանիպուլյատիվ մեղադրանքներ է հնչեցնում Արցախի ղեկավարության վարած քաղաքականության դեմ և ինչ-որ դավադրապաշտական ու մտացածին կոչերով հանդես գալիս: Նա ներկայացնում է Գաբալայում տեղի ունեցած զորավարժություններում արված հայտարարությունները և դրա մեղքն ուղղակի բարդում պաշտոնական Ստեփանակերտի վրա:

Փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, և պարզ կդառնա, որ այս առումով տարածաշրջանում լուրջ գեոպոլիտիկ շահեր են բախվում:

Օրերս հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 73-րդ նիստում ևս մեկ անգամ ընդունել է Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած բանաձևը՝ Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին: Հայաստանը, որն ամեն տարի բանաձևին դեմ էր քվեարկում, այս տարի առաջին անգամ չի մասնակցել այդ քվեարկությանը:

Ի դեպ, բանաձևին կողմ է քվեարկել 79 երկիր, դեմ՝ 15-ը, իսկ 57 պետություն ձեռնպահ է մնացել: Հասկանալի է, որ այս բանաձևն ինքնին հակառուսական է, և այս քվեարկությունը բավական երկիմաստ է և իր մեջ խորքային մեսիջներ է պարունակում:

Այն հանգամանքը, որ Վրաստանը կհասկանա ՀՀ-ի կողմից ուղարկված մեսիջը, լուրջ կասկածի տեղիք է տալիս: Գրեթե անհավանական է, որ Վրաստանը որևէ միջազգային համաժողովի ընթացքում չի ստորագրի հակահայկական բանաձևերի տակ, ասենք՝ չի խրախուսի Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը և տարվող դիվանագիտությունը:

Ասվածի վառ ապացույցը նախօրեին Գաբալայում տեղի ունեցած համատեղ զորավարժությունների ժամանակ Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի այն հայտարարությունն էր, որ Վրաստանը կողմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման փաստին:

Ունենք մի պարզ իրողություն՝ ինչպիսի քաղաքականություն կամ քվեարկություններ էլ կազմակերպի Հայաստանը, անհնար է Վրաստանին պոկել Թուրքիա-Ադրբեջան տանդեմի «ճիրաններից»:

Թվում է, թե ավարտվել է ՀՀ-Արցախ, այսպես կոչված, փոխհրաձգությունը, բայց դրան զուգահեռ, օրինակ, պարբերաբար հայտարարություններ է անում Ստյոպա Սաֆարյանը, ի դեպ, շատ ինտենսիվ ու ցանկացած պատեհ ու անպատեհ առիթով թիրախավորում Արցախը:

Այս ֆոնին ուշագրավ է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփականություն հանդիսացող կայքում շարունակվում է նյութերի և հարցազրույցների շարքը, որտեղ կրկին էպիկենտրոնում Արցախի իշխանություններն են:

Չնայած իրականում արտաքուստ ոչինչ չկա, վստահաբար գոնե արցախյան կողմի դեպքում դա այդպես է, բայց ՀՀ-ի կողմից նկատելի է, որ իշխանությանը հարող տարբեր քաղաքագետների ու փորձագետների կողմից պարբերաբար գրոհներ են կազմակերպվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ:

Այս պարագայում շեշտենք, որ տարօրինակն այն է, որ այս ամենը տեղի է ունենում այն օրերին, երբ առաջնագծում իրավիճակն ակնհայտորեն լարվել է՝ ընդհուպ սահմանագծի երկայնքով Ադրբեջանն իրականացնում է օդային թռիչքներ, անգամ սահմանը հատելով, սակայն կարծես սա ոչինչ է, Հայաստանում ոչինչ տեղի չի ունեցել, և նույն հետևողական ինտենսիվությամբ իշխանությունը խոցման տիրույթում է պահում Արցախը՝ հաշվի չառնելով, որ այս օրերին լրիվ այլ օրակարգ է սեղանին:

Ամփոփելով՝ նշենք հետևյալը. անարժեքության ամենավտանգավոր հետևանքն այն է, որ հասարակական կարծիքը սկսում են ձևավորել բանական ու բարոյական չափանիշերից հեռու մարդիկ, և նրանք ընտելացնում են հասարակությանը՝ գնահատել լավն ու վատը, ճիշտն ու սխալը՝ չունենալով սեփական կարծիք, սկզբունք ու համոզմունք: Տեսակետ չունեցողներին հեշտ է ներշնչել, որ այսօր սա է ճիշտ, վաղը սա սխալ է, քանզի այդպես է պահանջում հեղափոխական նպատակահարմարությունը: Առավել հեշտ է տեսակետ չունեցողներին կառավարել՝ բանականության փոխարեն՝ ասպարեզ նետելով զգայականը, որը միշտ սուբյեկտիվ է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս