Վրաստանը և Ադրբեջանը պաշտպանության բնագավառում համագործակցելու պլան են ստորագրել
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ադրբեջանական Գաբալայում երկկողմ բանակցություններ է վարել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ եւ ստորագրել 2019 թվականին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության պլանը: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանը Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները ռազմական ոլորտում եւ հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կխորանա ապագայում: «…» Լեւան Իզորիան եւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ստորագրել են 2019 թվականին Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Իզորիան Գաբալա է ժամանել՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Նաեւ պլանավորված Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Թբիլիսիի, Բաքվի եւ Անկարայի միջեւ եռակողմ բանակցությունները վարվում են 2012 թվականից: Ներկայիս հանդիպումը թվով յոթերորդն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: