«Վարչապետը չարաշահում է այդ և բազմաթիվ այլ պետականասեր մարդկանց համեստությունն ու խոհեմությունը». Արմեն Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ցավով արձանագրեց, որ արտաքին աշխարհում Հայաստանի դիմադրողականությունն իջել է, և այս դառն իրողությունը փաստելու համար բոլորովին էլ պետք չէ լինել աշխարհաքաղաքական փորձագետ։
«Մեր իշխանություններն իրենց ողջ քարոզչական հնարքները գործադրելով՝ փորձում են մեր հասարակությանը վաճառել «Հայաստանն իր դիրքերը ՀԱՊԿ-ում չզիջեց» հերթական հեքիաթը։ Անկեղծ՝ զարմանում եմ, թե ինչպես կարելի է այս թեման ընդհանրապես բարձրաձայնել իշխանությունների կողմից։ Վստահաբար, եթե ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինը չէր, ինչը տեղի ունեցավ Փաշինյանի պատճառով, ապա մեզ համար բացարձակ նշանակություն չունի՝ այդ պաշտոնը Ռուսաստանը ներկայացնող ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքո՞ւմ է, թե՞ այբբենական կարգով հաջորդ՝ Բելառուսի ներկայացուցչի»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց, որ նամանօրինակ խնդիր առաջացել է նաև Արցախի համակամարտության կարգավորման շուրջ, քանի որ մեկ տարի անց էլ կրկին արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ռազմավարություն Արցախի հարցի կարգավորման շուրջ։
«Երբ վարչապետն օրերս պատմում էր, որ Արցախի իշխանությունների հետ կիսել է իր ռազմավարությունը, մի քիչ լավ հիշողություն ունեցող մարդիկ միանգամից հիշեցին, որ շաբաթներ առաջ ԵՊՀ-ում նա ասում էր, որ չունի հայեցակարգ, և ասում էր՝ գրեք-տվեք՝ գնամ-ասեմ։ Ի՞նչն էր նա կիսում, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից Արցախի հարցում, բանակցություններում, նա վախենում է պատերազմից և ճիշտ է անում, քանի որ որևէ բանական մարդ պատերազմ չի ուզում։ Սակայն, այդ վախերով հանդերձ՝ նա քայլեր չի ձեռնարկում, որպեսզի ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը համարժեք լինի այն մարտահրավերներին, որոնց առերսվում ենք»,- նշեց Ա. Աշոտյանը։
Նա նկատեց, որ սահմանային աճի դեպքերին զուգահեռ՝ ՀՀ արտգործնախարարությունը կրկին հիշեց Սանկտ Պետրեբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որի մասին մեկ տարի շարունակ բարձրաձայնում է Հանրապետականը և նշում, որ այդ պայմանավորվածությունների կատարումն այլևս չի հիշատակվում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ։
Նա նաև հավելեց, որ, երբ վարչապետն անդրադարձել է սահմանային վերջին լարվածությանը, չի հիշատակել իր ուղիղ կապն Ալիևի հետ, որի մասին նա ասել էր մայիսի 8-ին իր մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական ճեղքը, որն առաջացել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման շնորհիվ, լի է բազմաթիվ վտանգներով։ Բախտներս բերել է, որ Արցախի ղեկավարությունը շատ ավելի խորունկ է, իմաստուն և չի տրվում Փաշինյանի սադրանքներին։
Բայց կա տպավորություն, որ Հայաստանի վարչապետը պարզապես չարաշահում է այդ և բազմաթիվ այլ պետականասեր մարդկանց համեստությունն ու խոհեմությունը»,- նշեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան