Կոռուպցիայի մեջ ներգրավվելը ոչնչացնում է մեր մասնագիտությունը․ Արա Զոհրաբյանը
Հայաստանի փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ անդամների միաձայն քվեարկության արդյունքում ՀՀ փաստաբանական դպրոցի 72 ունկնդիրների հանձնվեցին փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագրեր:
Ողջույնի խոսքում փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորելով ունկնդիրներին՝ խորհուրդ տվեց իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հավատարիմ մնալ փաստաբանի երդմանը և անդավաճան՝ մասնագիտությանը: «Այսօր մեզ համար հիշարժան օր է: Մեր համայնքը քիչ անց համալրվելու է 72 փաստաբաններով: Անձիք, ովքեր բարձր մրցակցության պայմաններում ընդունվել են փաստաբանական դպրոց, հաջողությամբ ավարտել ու հանձնել են որակավորման քննությունները և արժանացել են փաստաբանի պատվաբեր կոչմանը: Սկսած ուսման հենց սկզբից քարոզում ենք հեռու մնալ կոռուպցիայից: Մեր համայնք մուտք եք գործում ձեր գիտելիքներով, որը ապացույցն է այն բանի, որ Փաստաբանական դպրոցում ու Փաստաբանների պալատում կոռուպցիա չկա: Կոռուպցիայի մեջ ներգրավելը ոչնչացնում է մեր մասնագիտությունը»,-նշել է Արա Զոհրաբյանը:
Պալատի նախագահը խոսելով փաստաբանների մասնագիտական գործունեության դժվար, սակայն հետաքրքիր աշխատանքի մասին՝ նշել է, որ մասնագիտական գործունեության արտոնագիր ստացող փաստաբանները կբախվեն անօրինականությունների, բռնի ուժի, կոռուպցիայի ու կամայականությունների հետ, սակայն խորհուրդ է տվել պայքարել այդ բացասական երևույթների դեմ: Եզրափակելով ելույթը՝ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել որակավորման հանձնաժողովի անդամներին, փաստաբանական դպրոցի աշխատակազմին ու դասախոսական կազմին:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը նույնպես շնորհավորել է շրջանավարտներին և նշել․
«Փաստաբանական դպրոցը միշտ ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի ունկնդիրների ուսուցումը հավուր պատշաճի իրականացվի, և այդ ժամանակահատվածում փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի դուք ստանաք անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար»:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը նույնպես ողջունել է ունկնդիրներին և իր խոսքում ընդգծել իրավապաշտպան բնույթի կարևորության մասին: Նա մասնավորապես ասել է.
«Գիտեք, որ ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ կարող են կամա թե ակամա խախտվել մարդկանց իրավունքներ, որտեղ ձեր իրավապաշտպան աջակցությունը կարող է պետք գալ մեր քաղաքացիներին: Գտնում եմ, որ մեր մասնագիտությունը լավագույն մասնագիտություններից է, որովհետև իրավապաշտպանի գործը շնորհակալ գործունեություն է»:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը միացավ շնորհավորանքներին և խորհուրդ տվեց շրջանավարտներին լինել բարեխիղճ, պրոֆեսիոնալ և զուսպ:
Փաստաբանների պալատի խորհդի անդամ Գայանե Դեմիրճյանն իր խոսքում ասաց.
«Մեր հասարակությունն առավել քան երբևէ ունի խելացի, չերկնչող, սկզբունքային մասնագետների և հատկապես փաստաբանների կարիք: Մաղթում եմ, որ ձեր գործունեությամբ հասնեք իրավունքի գերակայության ամրապնդմանը մեր երկրում: Ինչպես ասում են լավ փաստաբանը գիտի բոլոր նախադեպերը, իսկ լավագույն փաստաբանն ինքն է ստեղծում նախադեպեր: Մաղթում եմ, որ լրացնեք լավագույն փաստաբանների շարքերը»:
Շնորհակալական խոսքով հանդես եկան ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներից Ալեքսանդր Կոչուբաևը, Նաիրա Ալավերդյանը և Գուրգեն Գրիգորյանը:
Խորհրդի հանդիսավոր մասը շարունակվել է շրջանավարտների երդմնակալության արարողությամբ: Ունկնդիրները երդվել են ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով: