«Հայաստանյան դատական համակարգում կան խնդիրներ, որոնք վերաբերում են դատարանների արտաքին ու ներքին անկախությանը». ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ չժխտեց, որ հայաստանյան դատական համակարգում կան խնդիրներ, որոնք վերաբերում են դատարանների արտաքին ու ներքին անկախությանը։
«Մենք ունենք դատարանների նկատմամբ քաղաքացու վստահության պակաս, ինչպես նաև իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ, որոնք առնչվում են արդար դատաքննության խնդրին։ Մոնիտորինգը վկայում է, որ ազատությունից զրկման մեխանիզմը հաճախ անկատար է մնում հենց դատական համակարգում առկա խնդիրների պատճառով։ Օրինակ՝ դատական նիստերի ձգձգման, նիստերի ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքով։ Խնդիրն այն է, որ այս ամենը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունի, այդ պատճառներից կարող են լինել կոռուպցիոն ռիսկերը, ռեսուրսների ոչ ճիշտ բաշխումը»,- ասաց Արման Թաթոյանը։
Նա հավելեց, որ դատական համակարգում այն խնդիրները, որոնք կուտակվել են, չքաղած դասերի և այն բանի հետևանք է, որ այդ խնդիրներին տարիներ շարունակ ուշադրություն չի դարձվել։
Նա նաև ընդգծեց, որ համաձայն է ԱԺ նախագահի այն հայտարարության հետ, որ հանրային լսումներն ու բարեփոխումներն իրավիճակը սրելու նպատակ չի հետապնդում: Հակառակը՝ դրանք խնդիրների լուծումների լուծման որոնման նպատակ ունեն։
Զվարթ Խաչատրյան