«ՀՅԴ-ն փորձում է լցնել ընդդիմադիր վակուումը». Քաղտեխնոլոգ
Իշխանությունների ռեյտինգի նվազումը, խոսքի և գործի անհամապատասխանեցումը բերում է նրան, որ հասարակության մեջ որոշակի հիասթափություն է առաջանում և աստիճանաբար առաջանում է քաղաքական նոր այլընտրանքի լուրջ պահանջ։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության մայիսի 23-ին հրավիրած հանրահավաքին։
Քաղտեխնոլոգը նկատեց, որ պահանջարկն էլ աստիճանաբար ստեղծում է առաջարկը։ Այս շրջանակում խոսելով ՀՅԴ-ի վերջին շրջանի քաղաքական ակտիվության մասին՝ Հակոբյանը նշեց.
«Դաշնակցությունը, լինելով բավականին փորձված, ինստիտուցիոնալ կուսակցություն՝ ոչ միայն ՀՀ-ում, սկսում է հասկանալ, որ առաջանալու է պահանջ, և փորձում է օր առաջ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում»։
«Իրավիճակը փոխվել է, և ՀՅԴ-ն կարիք ունի վերաիմիջավորման-ռեբրենդինգի, ինչն էլ փորձում է իրականացնել»,- թեմայի շուրջ նման գնահատական հնչեցրեց ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
Ընտրական տեխնոլոգիաների փորձագետը ներկայացրեց նաև այդ կուսակցության ընտրազանգվածի մոտավոր պատկերը՝ մասնավորապես տեղեկացնելով, որ տարբեր հաշվարկներով այն հասնում է 5-10 տոկոսի։
«Գրագետ աշխատանքի դեպքում նրանք կարող են 5-10 տոկոսի սահմաններում հավաքել։ Բայց որպեսզի մոբիլիզացնի այդ զանգվածին, պետք է վերաիմիջավորվի»,- հավելեց Ա.Բադալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան