«Հայաստանում պակասում են արվեստի քննադատները, արվեստաբանները»
«Երևանյան հեքիաթներ».այսպես է կոչվում Արփի Մաղաքյանի՝ Երևանի մասին պատմող նոր գիրքը, որն իրականության, հորինվածքի և երազանքի ինքնատիպ համադրություն է: Այն շուտով ընթերցողների սեղանին կդրվի: Ութ հեքիաթ ներառող այս գրքի նկարազարդումները կատարել է նկարիչ Արարատ Մինասյանը: «Արմենպրես»-ը նկարչի հետ զրուցել է նոր գրքի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության մասին:
«Երևանյան հեքիաթներ»-ը և նկարիչը
Գիրք նկարազարդելու առաջին փորձս չէ: Այնպես է ստացվել, որ ամենաառաջին գիրքս ձևավորել եմ 14 տարեկանում: Պարբերաբար տարբեր գրքերի կազմեր եմ ձևավորել: Իմ և Զաքար Դեմիրճյանի համատեղ նկարազարդած Yerevan Sketch Book-ը («Երևան. ճեպանկարների գիրք») վերջերս բավականին հայտնի դարձավ: Արփին ծանոթ էր իմ աշխատանքներին, բայց, հավանաբար, հենց այս գիրքը խթան հանդիսացավ, որ ինձ դիմի՝ նկարազարդելու իր հեքիաթները: «Երևանյան հեքիաթներ» գրքում առկա է ութ հեքիաթ և 30-ից ավելի նկարազարդում. յուրաքանչյուր էջի վրա նկարազարդում կտեսնեք:
Շատ հետաքրքիր աշխատանք էր: Երևանը տարբեր շերտեր ունի, հետաքրքիր էր այս դիտանկյունից նայել մեր մայրաքաղաքին: Եվ հետաքրքրական էր, որ հեքիաթները հիմնված են իրական պատմությունների վրա:
Նկարազարդումներն անելիս իմ առջև խնդիր էի դրել: Հատուկ այս հեքիաթների համար յուրահատուկ ոճ ստեղծեցի, որը միաժամանակ և՛ հեքիաթային տպավորություն է թողնում, և՛ վավերագրություն է, այսինքն՝ խառնեցի այս երկու աշխարհները: Այս գրքի վրա աշխատել ենք մոտավորապես երկու տարի:
Սեր դեպի նկարչություն
Մանուկ ժամանակ նկարածդ ամենատարերային, ամենաանկեղծ նկարչությունն է: Բոլոր երեխաներն էլ նկարում են, բայց կան այնպիսիք, ովքեր փորձում են ավելին անել, քան պարզապես նկարել: Ես 4-5 տարեկանից սկսել էի հայտնի կտավների կրկնօրինակումներ անել, և ինձ դա դուր էր գալիս: Հետո ավելի ու ավելի շատ էի ժամանակ տրամադրում նկարչությանը: Չնայած՝ զուգահեռ այլ բաներով էի զբաղվում: Ֆուտբոլ էի շատ սիրում, այն աստիճան, որ մտածում էի՝ գուցե ֆուտբոլիստ դառնամ, երաժշտության էի գնում. շանսեր կային, որ դաշնակահար կդառնամ: Բայց 8-րդ դասարանում հասկացա, որ նկարչությունն իմ մեջ ավելի շատ է հույզեր առաջացնում: Եվ այդպես ընդունվեցի Թերլեմեզյանի անվան ուսումնարան:
Տարօրինակ ռեալիզմ
Իմ նկարներում կան ռեալիստական էլեմենտներ, բայց նկարներս ավելի շատ սյուրռեալիստական ուղղվածություն ունեն: Մի անգամ ինձ ասացին, որ նկարներիս ոճը կարելի է կոչել տարօրինակ ռեալիզմ: Բայց ուղղվածությունը հստակ ռեալիզմ չէ: Նկարներիս թեմաները վերցնում եմ իրականությունից, բայց պոկում եմ նույն իրականությունից ու դնում մեկ ուրիշ ձևաչափի մեջ:
…Բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել, այդ թվում՝ անհատական: Վերջերս Ստամբուլում և Փարիզում եմ աշխատանքներս ներկայացրել: Առաջիկայում նախատեսվում է իմ աշխատանքների ցուցահանդես Թեհրանում: Նաև շատ հետաքրքիր նախագիծ եմ ցանկանում իրականացնել 6-ամյա աղջկաս հետ՝ ժամանակակից արվեստի համատեքստում:
Հայաստանում արվեստի քննադատների պակաս կա…
Հայաստանում պակասում են արվեստի քննադատները, արվեստաբանները: Շատ կարևոր է անդրադառնալ Սարյանին, Մինասին, Բաշինջաղյանին և մեր մյուս մեծերին: Մենք՝ երիտասարդներս, դեռ այդ մակարդակի չենք հասել: Բայց մի շատ կարևոր հանգամանք կա՝ 2000-ականներից սկսած մինչև օրս արվեստ է ստեղծվում: Պետք է դա էլ ուսումնասիրվի: Պետք է հասկանալ՝ ինչու են նկարիչներն այս կամ այն թեմային անդրադառնում:
Կյանքն այնպիսին է դարձել, որ եթե «Ֆեյսբուք»-ում չկաս՝ աշխարհը քո մասին չգիտի:
Չեմ էլ խոսում արվեստի գործակալների մասին. նկարիչը պետք է միայն ստեղծագործի, չպետք է մտածի իր աշխատանքները իրացնելու մասին: Պետք է լինեն մարդիկ, ովքեր կզբաղվեն նկարչի գործերով, արտերկրի ցուցադրություններով, քանի որ արտերկրում հայկական նկարչությունը մեծ պահանջարկ ունի և մեծ հետաքրքրություն է առաջացնում:
Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի և «Երևանյան հեքիաթներ» գրքից