Մասիսի քաղաքապետի փաստաբանը՝ քրեական հետապնդման դադարեցման և մյուս գործերով մեղադրանքների մասին

Էրեբունու դեպքերի մասով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Դավիթ Համբարձումյանի և գործով երեք մեղադրյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.

«Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։

Հիշեցնենք,  որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրա եղբայր Գոռ Համբարձումյանը մեղադրվում են 2018 թվականին, հեղափոխության օրերին, մասնավորապես՝ 2018թ. ապրիլի 16-ին՝ Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին՝  Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի կազմակերպման մեջ: Գործով մեղադրյալ է ևս 9 անձ:

168.am-ի հետ զրույցում  Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Մասիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն Էրեբունու դեպքերի փաստի առթիվ հարուցված գործով, իսկ մյուս գործերով մեղադրանքը դեռևս մնացել է, և ինքը կփորձի նորից ուղարկել դատարան։

«Բայց Էրեբունու մեղադրանքն այն հիմնականն էր, որի պատճառով տեղի ունեցավ Դավիթ Համբարձումյանի դեմոնացումը, համացանցային հարձակումը… Ի վերջո, նույն քննչական մարմինները խոստովանեցին, որ էդտեղ ոչինչ չկար, և և այդ ամենը կեղծ էր»,- հավելեց նա՝ վստահեցնելով, որ արդարացման դատավճիռ կունենան նաև մյուս դրվագներով։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս