Բաժիններ՝

Ոստիկանությունն արձագանքել է կառույցի հասցեին հնչող քննադատություններին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արձագանքել  է կառույցի հասցեին որոծ լրատվամիջոցներում և սոցցանցերում հնչող հայտարարություններին:

«Նկատի ունենալով, որ որոշ լրատվամիջոցներում ու սոցցանցերում վերջին շրջանում և հատկապես այսօր՝ առերևույթ քննադատական, իրականում՝ անփաստարկ քննադատական հայտարարություններ են տարածվում ոստիկանության հասցեին, հարկ ենք համարում անդրադառնալ հետևողականորեն «հրատապ» դարձվող այդ կարգի մի քանի թիրախավորումների:

«Քննադատողները», մասնավորապես, պարբերաբար հիշատակում են ոստիկանության Կենտրոնական բաժնում «տրանսգենդերների» հետ կապված միջադեպին իբր ընթացք չտալը, հրաշալի իմանալով, թե իրականում ինչ գործողություններ են կատարվել իրավապահ մարմինների կողմից:

Ստիպված ենք արդեն որերորդ անգամ հայտնել, որ նշված միջադեպով ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, որոնք ձերբակալվել էին: Նրանցից մեկը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ մյուսը կալանավորված է, և գործը դատաքննության փուլում է:

Շահարկվում է նաև Հրանտ Մարգարյանի հետ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը:
Հայտնում ենք, որ արդեն իսկ 7 անձ ոստիկանության Կենտրոնական բաժնում՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն է տվել: Հետաքննությունը շարունակվում է:
Ի դեպ, այդ միջադեպով հաղորդում ներկայացրած անձը հրապարակավ իր գոհունակությունն է հայտնել ոստիկանության գործողությունների կապակցությամբ։

«Թիրախներից» մեկն էլ, այսպես ասած, Վարդգես Գասպարիի «գործն» է։
Հայտնում ենք, որ 2019 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շրջակայքում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողներին Վարդգես Գասպարիի կողմից հրապարակայնորեն վիրավորելու փաստական տվյալը ստուգելու նպատակով իրականացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3 հոդվածի հատկանիշներով: Գործի քննությանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու իր իրավունքի մասին ենթադրյալ իրավախախտ անձը պատշաճ ծանուցվել է՝ ծանուցումը առձեռն հանձնելու եղանակով:

Ինչ վերաբերում է զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում տեղ գտած ահազանգերին արձագանքելուն, ապա դա ոչ միայն օրենքի պահանջն է, այլև ոստիկանության աշխատանքի սկզբունքը: Եվ կարծում ենք, որ ոստիկանության կողմից յուրաքանչյուր ահազանգի արձագանքելը պետք է դրական գնահատվի հասարակության կողմից, ոչ թե հակառակը:

Ոստիկանությունը գործել, գործում և գործելու է այդ սկզբունքով: Իսկ բոլոր նրանց, ովքեր ոստիկանության աշխատանքի գնահատումը պայմանավորում են սեփական շահերով կամ նախասիրություններով, հորդորում ենք լինել օբյեկտիվ և ինչ-ինչ խնդիրների լուծման նպատակով չշահարկել ոստիկանության՝ բացառապես օրենքի և իր լիազորությունների շրջանակում իրականացվող գործողությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս