Վարչապետն «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության պատվիրակության հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն, և հանդիպումը լավ հնարավորություն է՝ համագործակցության ընթացքը և հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունը շահագրգռված է այդ գործընթացում ներգրավված գործընկերների, այդ թվում «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ փոխգործակցության զարգացմամբ, որը կնպաստի կենսաթոշակային բարեփոխումների հաջող իրականացմանը, ինչպես նաև կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Բերնար դը Վիթը նշել է, որ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ և պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել կապիտալի շուկայի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, նաև ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Տեսանյութեր

Լրահոս