«Վալերիյ Օսիպյանը զանգել-ասել է՝ գիտես, չէ՞, թե ես ով եմ, ինչ կարող եմ անել, դու պետք է ասես, որ դու ես մեղավոր». վկաներից մեկի եղբայրը մանրամասներ է պատմում
014 թվականի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի էր ունեցել դանակահարություն, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, ինչից հետո տուժողի տան անդամները՝ փոքր եղբայրը, մայրը, հայրը, ցուցմունքներ են տվել այդ դեպքի մասնակից, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր որդու՝ Սեդրակ Օսիպյանի դեմ, որը 9 ամիս թաքնվելուց հետո եկել և ներկայացել է Ոստիկանություն, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է։
Դանակահարության դեպքի միջադեպով որպես մեղադրյալ ճանաչված Սարգիս Հովհաննիսյանի եղբոր՝ Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ, գործը վերաբացվել է 2018 թվականի սեպտեմբերին:
«Տուժողի հարազատները նշել են թե՛ հագուստը, թե՛ արտաքինը: Ասում էին՝ կապույտ աչքերով, երկար մազերով, կյաժ, ռուսախոս տղեն խփեց իմ տղին, ժողովուրդ, բռնեք: Այդ կինը անունը չգիտեր, նկարագրում էր, որ բռնեին: Ես այդ ամենը լսել եմ, քանի որ 10 մետր հեռավորության վրա էի: Մի խոսքով՝ տուժողի հարազատները գնացել ցուցմունք էին տվել Սեդրակի վրա, հետո պալատ է փոխվել, ու այստեղից սկսվել է ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Հովհաննիսյանը:
«Սկզբում, երբ հասարակ պալատում էին, խոսում էին այն, ինչ դրսում էին հայտարարում, այսինքն, գիտեն, թե ով է խփել, պետք է պատասխանատվություն կրի Սեդրակը, և այլն: Իսկ երբ նրանց պալատը փոխվեց, դարձավ «լյուքս», նախնական ցուցմունքների բովանդակությունը կամաց-կամաց սկսեց փոխվել: Սկսեցին ասել, որ չեն տեսել, շոկի մեջ են եղել, սխալվել են: Հետո Օսիպյանը զանգում է Սեդրակին, նա հեռախոսը փոխանցում է եղբորս: Օսիպյանն ասում է՝ գիտես, չէ՞, թե ես ով եմ, ինչ կարող եմ անել, դու պետք է ասես, որ դու ես մեղավոր: Սարգիսը պատասխանում է՝ եթե պետք է՝ կասեմ, որ ես եմ, բայց դա ճիշտ չէ, ու հեռախոսն անջատում է»,- մանրամասնեց Սամվել Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ Վալերի Օսիպյանը նաև իրեն է զանգահարել ու կանչել Ոստիկանություն՝ «տղավարի» խոսելու:
«Պատասխանեցի, որ իրեն չեմ ճանաչում ու գալու ցանկություն չունեմ: Դե, ես հիմնականում Ռուսաստանում եմ եղել: Ասաց, թե մոտս ձայնագրություն կա, որ լսես՝ մոտդ կասկած կառաջանա, որ Սարգիսն ինչ-որ չափով ներգրավված է այս գործում: Գնացի վարչություն, առանց անցագրի տարան վերև: Մտա իր սենյակ՝ ինքն ու Հարութ անունով մի տղամարդ էին ներսում, որին ներկայացրեց՝ որպես իր ընկեր: Ասաց՝ եթե Սեդրակին սկսեմ օգնել, լրատվամիջոցներն ինձ խայտառակ կանեն, կասեն՝ կողմնապահություն է անում, ու անվանս վրա բիծ կմնա, բայց, եթե Սարգիսն իր վրա վերցնի՝ Սարգիսն ուրիշ ազգանուն ունի, ես իրեն կօգնեմ, ոչ մեկը չի կասկածի, անգամ բերդում կասեմ՝ լավ կնայեմ: Զայրացա՝ ասելով, որ օգնող ես՝ Սեդրակին օգնի: Մի խոսքով՝ ուզում եմ դուրս գալ սենյակից, մեկ էլ Հարութը, թե՝ ուզում եմ գնամ տեսնեմ՝ տուժողի վիճակը ոնց ա: Ներկաները բոլորն էլ ասում են՝ ես էլ:
Ասացի՝ դե, ես գնացի: Հարութը, թե՝ քեզ տուժողի վիճակը հետաքրքի՞ր չէ, պատասխանեցի, որ լսել եմ՝ Սեդրակն է խփել, ինքն իմ ի՞նչն է, որ գնամ: Ասին՝ գնանք հիվանդանոց, բա որ տուժողը եղբորդ անունը տա: Մի խոսքով, գնացի նրանց հետ, ու ճանապարհին միշտ հարցնում էին՝ դու տուժողին դեմքով ճանաչո՞ւմ ես, ասում եմ՝ չէ: Դու մի ասա՝ ինձ էլ են փորձում, տեսնեն՝ կապ ունե՞մ, թե՞ չէ: Մտանք հիվանդասենյակ, Հարութը, թե՝ ոնց ես զգում, հիվանդը, թե՝ լավ չեմ: Հարութն ասեց, ոչինչ, տղա ես, պինդ մնա, մի մտածի, լավ կլինի: Մեկ էլ այդ տղային հարցնում եմ՝ Նուբարաշենից ես, ո՞ւմ տղան ես, թե բա՝ ես Նուբարաշենից չեմ, ասում եմ՝ բա ինչո՞ւ էիր եկել Նուբարաշեն, ասեց՝ ինձ չեն դանակահարել, երեք հոգի Էրեբունի թանգարանի մոտ ծեծել են: Հարութը, թե՝ սխալվել եմ, ուրիշ պալատ եմ բերել, կներես»,- հայտնեց Սամվել Հովհաննիսյանը:
«Ինչ վերաբերում է դեպքին՝ Սարգիսը դուրս է եկել, որ գա, Սեդրակն էլ հետևից, թե՝ արի մեր տուն, այդ պահին տուժողը թքում գետնին՝ անցնում է, Սեդրակն ասում է՝ է հետո, մի հատ էլ վրես թքեիր, ու սկսվում է ամեն ինչ: Եղբայրս փորձում է նրանց բաժանել, տուժողից ներողություն է խնդրում, որի մասին տուժողը ցուցմունքում նշել է»,- հավելեց Սարգիս Հովհաննիսյանի եղբայրը:
Անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներին՝ մեր զրուցակիցը նշեց.
«Դրանք ավելի ծիծաղելի են: Ամեն ինչ դրել են կասկածի տակ, իբր օբյեկտիվ քննություն տեղի չի ունեցել, ու նորից են սկսում: 5 տարի անց նոր ցուցմունք տվող է հայտնվել, որին Օսիպյանը պաշտոն է տվել: Ծնողների էդքան ցուցմունքը՝ հեչ, սա՝ մեջ: Քննիչը ինձ ասեց՝ կա մի մարդ, ով դեպքից 20 կմ հեռու, իր տան մեջ նստած է եղել, իրեն Սարգիսի հեռախոսահամարից զանգ է եկել, նա դրել է ականջին, ու Սարգիսն ասել է՝ գիտես ինչ կա, ես եմ խփել: Եղբայրս 5 տարի ունեցել է վկայի կարգավիճակ»:
Անի Կարապետյան