Բաժիններ՝

Դուալ կառավարում կրթության ոլորտում

Օրերս Տավուշի մարզի դպրոցներից մեկի փոխտնօրենը հետաքրքիր դիտարկում արեց. «Հայաստանի կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս՝ մտածում են միայն քաղաքային դպրոցների մասին, իսկ գյուղական դպրոցներն անտեսվում են»։ Այս կարծիքի մեջ ճշմարտության մեծ չափաբաժին կա։

Օրինակ՝ երբ ստեղծվեցին առանձնացված ավագ դպրոցները, դրանց 90%-ից ավելին քաղաքային բնակավայրերում էին։ Դա խորացրեց գյուղ-քաղաք տարբերությունները։ Երբ 12-ամյա կրթությունը դարձավ պարտադիր, ոչ ոք չմտածեց այն մասին, թե ինչպես են 9-ամյա դպրոց ունեցող գյուղերի երեխաները գնալու հարևան գյուղի կամ քաղաքի դպրոց։

Ո՞վ է նրանց ապահովելու միջհամայնքային տրանսպորտով, ո՞վ է փոխհատուցելու նրանց ճանապարհի ծախսը։ Դպրոցների ֆինանսավորման բանաձևը մշակելիս հաշվի չառնվեց գյուղական փոքր դպրոցների առանձնահատկությունները։ Այսօր ունենք գյուղական դպրոցներ, որտեղ 20 ժամ պարապող ուսուցիչը ստանում է ընդամենը 50 հազար դրամ աշխատավարձ։

Մինչդեռ մեկ այլ դպրոցում նույնքան դասաժամ պարապող ուսուցիչը ստանում է 70-80 հազար դրամ։ Ուսումնական ծրագրերը ճկուն չեն։ Կան գյուղական դպրոցներ, որտեղ երեխաների մեծ մասը համալսարաններ գնալու հնարավորություն չունի, բայց ավագ դասարաններում ստիպված է ուսումնասիրել այնպիսի ծրագիր, որը պետք է համալսարան գնացողներին։ Չեմ խոսում այն մասին, որ Հայաստանում կան սահմանամերձ, հեռավոր, բարձր լեռնային գյուղեր, որոնք ունեն բազմաթիվ առանձնահատկություններ՝ կապված պատերազմի, ճանապարհների, աշակերտների քանակի հետ։

Կարդացեք նաև

Ընդհանրապես, Հայաստանի կրթության կառավարման ոլորտում կա մակրո և միկրո մտածողության համադրման անհրաժեշտություն։

Երբ մշակվում են կրթության զարգացման ծրագրեր, հայեցակարգեր, ռազմավարություններ, հեղինակներն ավելի շատ օգտվում են միջազգային նմանատիպ փաստաթղթերից, քան հիմնվում են Հայաստանի իրողությունների վրա։ Սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում ընդունված զարգացման փաստաթղթերը մոռացվում են ընդունումից հետո։ Քանի՞ հոգի է հիշում, թե ինչ էր գրված Կրթության զարգացման 2001-2005, 2011-2015 թվականների պետական ծրագրերում։ Արդյո՞ք տեղյակ ենք, որ այդ ծրագրերում գրվածը և իրականում կատարվածը շատ հեռու են իրարից։ Սա մեր կրթական քաղաքականության մեծագույն բացերից մեկն է։

Մեզ պակասում է ուսումնական հաստատությունների, մանկավարժների, տնօրենների հետ աշխատելու և փաստաթղթերի բովանդակությունը նաև ներքևից վերև տանելու մոտեցումը։ Հենց այս խնդրի պատճառով համակարգում աշխատող մարդիկ անլուրջ են վերաբերվում ռազմավարական փաստաթղթերին։

Կրթական քաղաքականության գլոբալացման արդյունքում շրջանառության մեջ են դրվում մոդայիկ տերմիններ (օրինակ՝ որակյալ կրթություն, վերջնարդյունք, կոմպետենցիա), որոնք դժվարությամբ են տեղայնացվում ամենօրյա կրթական գործընթացներում։ Երբ մենք փաստաթղթերում գրում ենք վերջնարդյունքների, կոմպետենցիաների մասին, ուսուցչի համար հասկանալի չէ, թե ինչ պետք է ինքը փոխի իր աշխատանքում։

Այսօր մեզ պակասում են «հերմեսները»։ Հերմեսը սուրհանդակ աստված էր, ով աստվածների խոսքը հասանելի էր դարձնում մարդկանց։ Այսօր մեզ պետք են մարդիկ, ովքեր կկարողանան դպրոցներում առկա լավագույն պրակտիկաները դարձնել քաղաքականություն, իսկ գլոբալ քաղաքականության սկզբունքները դարձնել ամենօրյա պրակտիկա։ Հայաստանում կան երկու զուգահեռ իրականություններ։ Մեկը գլոբալ քաղաքականության սկզբունքներն են, որոնցում խոսվում է այն մասին, որ շուտով Հայաստանում լինելու են արմատական փոփոխություններ, որոնց արդյունքում մենք ինտեգրվելու ենք աշխարհին։

Մյուսը դպրոցների ամենօրյա խնդիրներն ու պրակտիկաներն են, որոնք հաճախ մնում են չնկատված ու չհասկացված։ Այդ երկակիության լավագույն օրինակը ներառական կրթությունն է։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք ներառական կրթության մասին բավականին բարձրագոչ հռետորաբանություն, որը հիմնված է հայտնի կոնվենցիաների, իրավական և կրթական փաստաթղթերի վրա, մյուս կողմից՝ տեսնում ենք ուսուցիչներ, ուսուցչի օգնականներ, աջակցության մասնագետներ, տնօրեններ, ովքեր դժվարությունների են բախվում ամենօրյա աշխատանքում և չգիտեն՝ ինչպես լուծել առաջացած խնդիրները։ Հայաստանում տեսականն ու գործնականը, մտածողությունն ու գործողությունը, ռազմավարությունն ու մարտավարությունն իրարից անջատ են։

Ավելին, հաճախ հակադրվում են միմյանց։ Մարդկանց մի մասը մտածողներ են, մյուսները՝ կատարողներ։ Օրինակ՝ Սինգապուրում այսպիսի հետաքրքիր պրակտիկա կա։ Նախարարության աշխատակիցներին որոշակի ժամանակով գործուղում են դպրոցներում աշխատելու, իսկ դպրոցների աշխատողները պաշտոնավարում են նախարարությունում։

Այս քաղաքականությունը հնարավորություն է տալիս նախարարության աշխատակիցներին հասկանալ դպրոցների ամենօրյա խնդիրները, իսկ դպրոցների աշխատակիցներին հնարավորություն է տալիս իրենց պրակտիկան վերածելու ռազմավարության։ Այս փոխատեղումներն օգնում են մոտեցնել տեսականն ու գործնականը, հնարավորություն են տալիս կառավարիչներին և ուսուցիչներին ավելի լավ հասկանալ միմյանց և խուսափել փոխադարձ մեղադրանքների անպտուղ գործելակերպից։

Հիմա շատ է խոսվում Հայաստանում դուալ կրթության, ուսուցման և պրակտիկայի համադրման մասին։ Միգուցե մեզ պետք է նաև կառավարման դուալ համակարգ, երբ պաշտոնյաները, բացի նախարարությունում աշխատելուց, տևական ժամանակ կանցկացնեն ուսումնական հաստատություններում, իսկ ուսուցիչներն ու տնօրենները կլինեն նախարարությունում։ Օրինակ՝ վերջերս ուսուցիչներին վերաբերող մի հարցի շուրջ նախարարությունն առաջարկել էր ուսուցիչներին ներկայացնել իրենց դիտարկումները։ Այս խնդրի շրջանակներում մի շարք ուսուցիչներ այցելել էին նախարարություն։ Սա շատ լավ պրակտիկա է, եթե լինի կայուն և շարունակական։

Սկզբում դժվար է լինելու, քանի որ քաղաքականություն մշակողները և ուսուցիչները տարբեր լեզվով են խոսելու, տարբեր առաջնահերթություններ են նշելու։ Բայց մոտեցումների մերձեցումն ինչ-որ մի փուլում պետք է սկսել։ Ու դա այսօր ամենակարևոր գործն է։ Մեզ պետք չեն իրականությունից կտրված փաստաթղթեր։ Մեզ պետք չեն նաև գործողություններ, որոնք համակարգված չեն։ Ինչպես ասում էր Գյոթեն. «Մտածելը հեշտ է, գործելը՝ դժվար։ Բայց ամենադժվարը մտածածին համահունչ գործելն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս