Բաժիններ՝

«Գեղարքունիքի մարզն օրական կտրվածքով կարող է ընդունել մոտ 5000 զբոսաշրջիկ». Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ներկայացրեց մարզի զբոսաշրջային հնարավորությունները՝ ընդգծելով, որ  զբոսաշրջությունն այն ոլորտն է, որի զարգացմամբ զարգանում են այլ հարակից ոլորտներ և ծառայություններ։

«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Գեղարքունիքի մարզ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 52 տոկոսով, ինչը նշանակում է, որ մարզի նկատմամբ հետաքրքրությունն աճում է»,- ասաց Սաֆարյանը:

«Եթե ավելի խորանանք թվային վիճակագրության մեջ, կարող ենք ասել, որ մարզը մրցակցային առավելություն ունի նաև առաջարկվող ծառայությունների տեսակետից, որոնք առավել բազմազան են հենց այս մարզում՝ ջրային ժամանց, գյուղական տուրիզմ, մշակութային տուրիզմ: Մարզում արդեն գործում են մոտ 50 հյուրանոցային օբյեկտներ, որոնք առաջարկում են 1450 հյուրանոցային համարներ: Եթե միջինացնենք թվերը, կստացվի, որ մարզն օրական կտրվածքով կարող է ընդունել մոտ 5000 զբոսաշրջիկ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի  մարզպետարանի  համատեղ նախաձեռնությամբ այսօր  Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկել է «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի»  ներդրումային-գործարար  համաժողով և տեղական արտադրանքի  «EXPO»  ցուցահանդես։

Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր,  միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի և արտասահմանյան ներդրողներ ու գործարարներ,  բանկային  կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս