«Սա շատ վտանգավոր հայտարարություն է». Նարինե Դիլբարյանը՝ ԱԱԾ-ում նյութեր  ոչնչացնելու մասին

Նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) նյութեր են ոչնչացրել, մայիսի 8-ին Ազգային պատկերասրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», – ասաց վարչապետը:

«ԱԱԾ պահոցներից ոչինչ չի վերանում, դրանք պարզապես թաքցվում են: Բազմաթիվ կրիչներ կան, և դժվար է ասել, թե դրանք որտե՞ղ են հայտնվել: Այստեղ պետք է արձանագրել նոր իշխանության թուլությունը և էական բացթողումը: Մենք հեղափոխության ժամանակ խոսում էինք անցումային արդարադատությա և լյուստրացիայի մասին: Լյուստրացիա չի նշանակում՝ պատերազմ, ոչ ոքի ո՛չ գնդակահարելու են, ո՛չ փռելու են ասֆալտին, բայց երբ բացահայտվում է մարդու կենսագրությունը, նրանք այլևս չեն գալիս իշխանության, փակվում է իշխանություն ունենալու նրանց ճանապարհը: Բայց լյուստրացիան չարվեց, անգամ մատնանշվում են, որ անհետացել են փաստաթղթեր՝ և՛ անձերի վերաբերյալ, և՛ գործերի, և՛ իրողությունների: Լսեցինք, որ ծառայողական քննություն է ընթանում, վարչապետը չբացառեց, որ քրեական գործ կարող է հարուցվել: Հասարակությունը պետք է ուշադիր լինի, զգոն՝ նման երևույթների նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը:

«Սա շատ վտանգավոր հայտարարություն է: Կասկածելի կենսագրություն ունեցող մարդիկ կարող են կրկին հնարավորություն ստանալ՝ վերադառնալ: Սա ցույց է տալիս, որ անձը, որքան էլ լեգիտիմ է՝ չի կարողանում վերահսկել իրավիճակը, որովհետև ի՞նչ է նշանակում՝ անհետացել են դրանք: ԱԱԾ-ից ո՞վ է դուրս եկել, իմ տվյալներով՝ միայն Գ.Կուտոյանը»,- նշեց Նարինե Դիլբարյանը:

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն էլ նկատեց. «Ես վստահ եմ, որ այդ հայտարարությունն էլի շոուի համար արեց: Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է միացել արևմտյան գրանտակերների կողմից ԱԱԾ-ն վարկաբեկելու գործընթացին: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՀ ԱԱԾ-ն Նիկոլին կամ Սերժ Սարգսյանին ծառայող հիմնարկ չէ, այն Հայաստանի Հանրապետությանն է ծառայում՝ անկախ նրանից, թե ով է իշխանություն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս