«Ըստ Լևոն Զուրաբյանի` ես ծառայում եմ իշխանությա՞նը»
Ասում է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
– Պարոն Մակեյան, ի՞նչպես եք վերաբերում «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը այն հայտարարությանը, թե ցանկացած քննադատություն Կոնգրեսի հասցեին, այդ թվում` ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վերաբերյալ քննադատությունը ծառայություն է իշխանությանը:
– Այսինքն ըստ Զուրաբյանի` ես ծառայում եմ իշխանությա՞նը: Աքննադատելի միայն Աստվածն է: Նման ձևակերպմանը ես համաձայն չեմ: Ես ինքս, լինելով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ և ՀԱԿ անդամ, բազմաթիվ անգամ և’ Կոնգրեսի քաղխորհրդում, և’ հրապարակայնորեն, քննադատել եմ այն քայլերը, որոնց հետևանքով մենք, կոպիտ ասած, ունեցանք ձախողում 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Այսինքն` ձախողում ասելով` նկատի ունեմ` թույլ տվեցինք, որ վարչախումբն իր սցենարը` ձայների հավաքագրման աճուրդը կազմակերպի առանց որևէ պրոբլեմի:
-Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք Լ.Զուրաբյանի այն տեսակետի մասին, թե եթե ՀԱԿ-ին չհաջողվեր ԲՀԿ-ին ընդգրկել «հակահանրապետական» ճակատի մեջ, Կոնգրեսը կձախողեր ընտրությունները:
– Երբ Կոնգրեսը 4 տարի շարունակ քաղաքական օրակարգն էր թելադրում, իշխանությանը պարտադրում էր իր քայլերը տասն անգամ չափել, մեկը ձևել, և 7 տոկոս արդյունք արձանագրեցին, դրանից էլ ավելի՞ ձախողում պետք է լիներ: Կարծում եմ` ուղղակի Սերժ Սարգսյանը հասկանում էր, որ այդ 7 տոկոսը շոկային հարված կհասցներ ՀԱԿ-ին, դրա համար արձանագրեցին այդ 7 տոկոսը: Եթե վարչախումբը չվախենար, որ Կոնգրեսն իր շուրջը մնացած համակիրներին դուրս կբերի, նրանք այդ 7 տոկոսը չէին գրի: Նրանք պարտադրված էին դա անելու, քանի որ ամբողջ գործընթացն ընթացել է իրենց սցենարով: Եվ ճիշտն ասած` ես չեմ կարող ընկալել այդ չքննադատելը և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը գովաբանելը: «Բարգավաճն» իմ աչքի առաջ` իմ ընտրատարածքում, ավելի շատ փող է բաժանել, քան Հանրապետականն ու «Օրինաց երկիրը»: Ի՞նչ տարբերություն, եթե «Բարգավաճ Հայատանն» ու Հանրապետական կուսակցությունը տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի:
– Եթե համաձայն չեք ԲՀԿ-ի հետ տարվող կուրսի հետ, Ձեր կուսակցությունն ի՞նչ քաղաքական ուղենիշեր է առաջարկում ՀԱԿ-ին` քաղաքական դաշտում ավելի հաջող հանդես գալու համար:
– Մենք մեր առաջարկությունները Կոնգրեսի քաղխորհրդում անում ենք, ցավոք սրտի, դրանք առայժմ մնում են անարձագանք, սակայն մինչև տարեվերջ մենք դեռ ժամանակ ունենք ներկայացնելու մեր առաջարկություների շարքը` իրավիճակը փոխելու խնդրո շուրջ: Ամառային այս շոգին ավելի կոնկրետ բաներ չեմ կարող ասել: Սպասենք մինչև սեպտեմբեր, այն ժամանակ ավելի կոնկրետ հայտարարություններ կանենք: