Բաժիններ՝

«Ես գիտակցում եմ, որ այս պահին այդ լայն կոնսենսուսը չկա». Հայկ Մարությանը՝ աշխատավարձերի հարցը հանեց նիստի օրակարգից

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի քննարկման օրակարգում էին  քաղաքապետարանի հաստիքացուցակի, աշխատավարձերի փոփոխության աղմկահարույց հարցերը։ Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել հաստիքացուցակների նախագծին:

«Ես մեր ֆրակցիայի մասով գիտեմ, որ բավականին բուռն քննարկումներ են եղել»,- թեմային անդրադառանալով նշեց քաղաքապետ Հայկ  Մարությանը։

Քաղաքապետը նշում է, որ եթե նույնիսկ նախագիծը դնեն քվեարկության, այն չի անցնելու մեծ կոնսենսուսով.

«Առնվազն մեր ֆրակցաիայի մասով եմ ասում, բայց քանի որ սա կարևորագույն փաստաթղթերից մեկն է, որը պետք է ընդունվի, ես կուզեի, որ առնվազն մեր ֆրակցիայի մասով այս որոշումը լայն կոնսենսուսով լիներ։ Ես գիտակցում եմ, որ այս պահին այդ լայն կոնսենսուսը չկա, կարծում եմ բնակչության մեջ չկա իրազեկվածություն։ Կարծում եմ՝ սա այն փաստաթուղթն է, որ պետք է լինի բոլորի սրտով»,- ասաց Մարությանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հարցը օրակարգից հանեց, ինչն արժանացավ ծափահարությունների։

«Մենք լայն կերպով կքննարկենք այն, նաև կիրազեկենք մեր հանրությանը և նորից կվերադառնանք այս դահլիճ»,- հավելեց Մարությանը։

Քանի որ օրակարգի երկրորդ հարցն ուղղակիորեն կապված էր առաջին հարցին, այդ հարցը նույնպես հանվեց օրակարգից։

Հիշեցնենք, որ փոփոխություններով մասնավորապես նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը շուրջ 30%-ով բարձրացնել: Ըստ նախագծի՝ քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ: Իսկ քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 947 հազար դրամ, մյուս երկու տեղակալներինը՝ 912 հազար դրամ:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս