Իշխանության հենարանն ամրացվում է. աշխատավարձերի բարձրացման գաղափարը նաև Փաշինյանինն է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի աշխատավարձերի կտրուկ բարձրացման լուրը փոթորկել է ոչ միայն հանրային կարծիքը, այլև ներիշխանական շրջանակները։ Երեկ մեզ ասացին, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում ևս դեմ են այդ որոշմանը, իսկ երեկոյան խմբակցության նիստն այնքան թեժ է անցել, որ «Իմ քայլը» որոշել է տապալել ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որը պետք է քննարկեր քաղաքապետարանի և ենթակա կառույցների աշխատակազմերի աշխատավարձերը բարձրացնելու հարցը։
Մենք տեղեկացանք նաև, որ աշխատավարձերի բարձրացման գաղափարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն են։ Նրանք որոշել են, որ իշխանությունների համար ամենավստահելի հենարանը քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակազմերն են, ուստի այս պլատֆորմն ամրացնելու համար արժե գնալ նման քայլի։
Մայիսի 8-ին ավագանու արտահերթ նիստը պետք է քննարկի այս սենսացիոն առաջարկը։ Հիշեցնենք՝ քաղաքապետի աշխատավարձը դառնալու է 1 մլն 200 հազար, թաղապետերինը՝ 773 հազար և այլն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: