ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են բնագավառում համագործակցության իրավապայմանագրային դաշտի ստեղծմանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 2-ին ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայ էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի նախանշած` ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմական սպորտի, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում համագործակցության կյանքի կոչման, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության իրավապայմանագրային դաշտի ստեղծման շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: