Բաժիններ՝

«Ցածր գինը չի նշանակում, որ պետք է ձեռք բերել ցածրորակ ապրանքներ». Նիկոլ Փաշինյանը՝ պետական գնումների մասին

Կառավարությունը քննարկեց պետական գնումների կարգավորումների փոփոխության հարցը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախատեսվում է ավելի ճկուն դարձնել գնումների համակարգը, պաշտպանության ոլորտի գնումների համար առանձնահատկություններ են սահմանված, ինչպես նաև հաշվի են առնվում փոքր ու միջին բիզնեսի ներառումը և այլն։

«Մրցակցային գնման ընթացակարգերի կիրառման դեպքում, ծառայությունների մասով պայմանագրի կատարման նվազագույն ժամկետը սահմանել է 20, իսկ աշխատանքների դեպքում` 45 օրացուցային օր, պայմանով, որ հաղթող մասնակիցը կարող է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում: Նման սահմանափակում ներկայումս նախատեսված է ապրանքների գնման ժամանակ (20 օրացուցային օր): Սահմանափակումները չեն վերաբերում մեկ անձից կատարվող գնումներին»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով, այս օրենքը երբեմն մեկնաբանվում է այնպես, որ պետությունը պետք է գնի ամենացածր գնով ապրանքները, թեև դրանք կարող են լինել ցածրորակ։ Իրականում, ըստ նախարարի, այդպիսի սահմանափակում չկա, ու կարելի է ընտրել նաև գին/որակ համադրությամբ ավելի թանկարժեք ապրանքներ։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ֆինանսների նախարարի դիտարկումը շատ կարևոր է: «Պարզվում է պետական գնումով անորակ ապրանք է ձեռք բերվել ու հարց է, թե ինչու է ձեռք բերվել: Պարզվում է մրցույթում ամենաէժան գինն իրենք են առաջարկել: Տպավորություն է, որ եթե մեկը ձրի առաջարկի, կհաղթի: Այնպես որ ցածր գին չի նշանակում ձեռք բերել ցածրորակ ապրանքներ, որոնք անպիտան են: Ցածր գին նշանակում է մեզ անհրաժեշտ որակով, բայց հնարավորինս էժան գնով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, հավանաբար, կարիք կա, որ պետական գնումների մասին դասընթաց կազմակերպվի պետական մարմիններում, որպեսզի այդ կարծրացած մոտեցումը չգործի, թե պետք է միշտ գնել էժան ապրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս