Բաժիններ՝

ՄԱԿ-ի փորձագետների խումբը գնահատել է Հայաստանի ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի հնարավորությունները

Հայաստան ապրիլի 22-ից 26-ը այցելած ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների գնահատման փորձագետների խումբը գնահատել է Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի անձնակազմի պատրաստության հնարավորությունները, տեխնիկական համալրվածությունը, տիրապետումը մարտավարական տարրերին, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը և այլն: Գնահատման արդյունքները կստացվեն մեկ ամսվա ընթացքում: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այցի նպատակն էր գնահատել ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների պատրաստության համակարգում Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանությունը ՄԱԿ-ի խաղաղապահության չափորոշիչներին: 2015 թվականին ստանձնած հանձնառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստի և ՄԱԿ-ի խաղաղապահության ուժերի համակարգում գրանցի ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան կառուցվածքով, անձնակազմով և տեխնիկայով ինժեներական վաշտ և դաշտային հոսպիտալ: Հայաստանը հետևողական է այս հանձնառության կատարմամբ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ամենապահանջվածների շարքում դասվող երկու կարողությունների զարգացմամբ:

Ս.թ. մարտի 29-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է հանձնառության առաջին փուլի կատարումը, ինչի արդյունքում հայտագրված երկու ստորաբաժանումները գնահատվել են որպես 1-ին մակարդակի պատրաստության:

Հայաստան այցելած փորձագիտական խմբի նպատակն էր գնահատել ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանության աստիճանը գնահատման 2-րդ մակարդակին և խորհրդատվություն տրամադրել առկա հնարավոր անհամապատասխանությունները կարգավորելու ուղղությամբ: 3-րդ մակարդակի պահանջներին համապատասխանելու դեպքում ստորաբաժանումները կհամարվեն պատրաստ ՄԱԿ-ի ցանկացած առաքելության ինքնուրույն մասնակցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս