«Շատերը չեն կարողանում քաղաքացիական գործչից դառնալ քաղաքական գործիչ». քաղտեխնոլոգ

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 168.am-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք շարունակում է պնդել, որ, եթե նոր իշխանությունը ժողովրդի ակնկալիքները չարդարացնի, այլընտրանքային ուժ ի հայտ կգա:

Կ. Քոչարյանն  ի պատասխան՝ նկատեց. «Այս իշխանության շատ մեծ պրոբլեմն այն է, որը ցույց տվեց նաև հենց Քաղաքացու օրը, որ շատերը չեն կարողանում դառնալ քաղաքացիական գործչից քաղաքական գործիչ: Սա բերում է բավականին լուրջ պրոբլեմների, որ ժամանակի ընթացքում, իսկ այդ ժամանակը շատ երկար սպասել չի տա, կստեղծվեն այլընտրանքային ուժեր, որոնք կդառնա լուրջ քաղաքական ընդդիմություն այսօրվա իշխանություններին»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ ՀՀԿ-ն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չեն կարողանալու մոտ ժամանակահատվածում հետ գալ։

«Այսօր իշխանությունները, եթե ինչ-որ բան լինում է, ասում են՝ հակահեղափոխական է, ՀՀԿ-ն է, Ռոբերտ Քոչարյանական… մոռացե՛ք, ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը մոտ ժամանակում չե՛ն կարողանալու հետ գալ։ Դա չի նշանակում, որ նրանք չեն աշխատում, աշխատում են, դաշտում աշխատում են, և այլն, և այլն, բայց նույն քաղաքական այդ կշիռը չեն կարողանալու ունենալ: Բայց դա չի նշանակում, որ, եթե նրանք չեն կարողանալու ունենալ, այլ ուժեր չեն ունենալու»,- հավելեց Քոչարյանը՝չբացառելով այդ այլընտրանքում տեսնել տարբեր քաղաքական ուժերի։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս