«Դավիթ Սանասարյանն ընկերս է, իրար հետ այդքան քայլել ենք, բայց սա իրավապահների որոշելիք հարցն է». Սասուն Միքայելյան

«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, իրար հետ այդքան քայլեր ենք, բայց հարցը իրավապահ մարմինների որոշելիքն է, չեմ ուզում առաջ ընկնել»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին։

Հարցին՝ «Նոր Հայաստանում» հնարավո՞ր է գործ «կարել», ինչպես հայտարարարել են Դավիթ Սանասարյանի պաշտպանները, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ «կարված» գործերը «Նոր Հայաստանում» պետք է քանդվեն.

«Չի կարող նման բան լինել, կապացուցվի, եթե Դավիթ Սանսարյանն արդար է՝ կարդարացվի, ոչ մի բան չի կարող լինել։ 20-25 տարի է՝ կոռուպցիան մեր վերին ատյաններում կա։ Այն ժամանակ համակարգում այնպիսի դրվածք է դրվել, որ առանց կոռուպցիայի՝ շարժ չէր արվում, բնական է, որ այդ մնացորդները դեռ կան, և կամաց-կամաց պետք է հարթվի»:

Լրագրողները Սասուն Միքայելյանից նաև հետաքրքրվեցին, թե ՀՀԿ-ն քաղաքականություն վերադառնալու շանսեր ունի՞, քանի որ վերջերս կուսակցությունը համալրել է իր շարքերը երիտասարդներով, որոնց ողջունել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես ՀՀԿ-ին խորհուրդ կտամ այդ էջը փակի և գնա պատմության գիրկը՝ իր արած սխալներով, թերություններով, բռնություններով, կոռուպցիայով ու ամեն ինչով հանդերձ: Գա՝ ի՞նչ անի»,- ասաց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս