Բաժիններ՝

«Պարոն քաղաքապետ, Ձեզ ի՞նչն է ստիպել, որ «Կամազների» գնման գործընթացը քննարկեք Կառավարությունում և դրա մասին մեզ նախապես չասեք»

Երևանի քաղաքապետարանի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց, որպեսզի օրակարգում ընդգրկված 16-րդ հարցը, որը վերաբերում է «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը ստեղծելու մասին» նախագծին, առաջ բերվի, և այն քննարկվի՝ որպես երկրորդ հարց։

«Հասկանում եմ, թե ինչու է այս հարցը դրվել ամենավերջում, որպեսզի մենք բոլորս հոգնած լինենք, և լրատվամիջոցները գրեթե այստեղ չլինեն, այդ պատճառով էլ առաջարկում եմ այն առաջ բերել։ Այն գլոբալ հարց է, և շատ լուրջ քննարկումներ պետք է լինեն»,- ասաց Միքայել Մանրիկյանը։

Ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց, որ ինքը չի հոգնում, և, եթե մարդիկ հոգնում են և սխալ որոշումներ են կայացնում, ապա ավագանու նիստն ընդհանրապես պետք է չշարունակել։

«Եթե վերջին հարցը քննարկելիս պետք է հոգնած լինենք և սխալ որոշում կայացնենք, եկեք ընդհանրապես նիստը տեղափոխենք ուրիշ օր»,- նշեց քաղաքապետը։

Միքայել Մանրիկյանն էլ արձագանքելով՝ ընդգծեց, որ քաղաքապետի հետ համաձայն չէ, քանի որ նիստի օրակարգը բավականին ծանրաբեռնված է։

Հարցը դրվեց քվեարկության և ավագանու կողմից մերժվեց։

«Պարոն քաղաքապետ, շատ կանխատեսելի էր, որ իմ առաջարկած տարբերակը չի ընդունվի։ Ձեր անձի հանդեպ ունեմ խորը հարգանք, բայց այն ամենի մասին, ինչ կխոսեմ, վերաբերում է Ձեր և քաղաքապետարանի գործունեությանը։ Ձեր ղեկավարման առաջին օր նշեցիք, որ մենք բոլորս մի մարմին ենք և համատեղ ուժերով կյանքի ենք կոչելու երևանցիների բոլոր խնդիրները, ցավոք, դրանք եղան լոկ խոսքեր։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, անհարգալից վերաբերմունք էր երկու ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ։ Փաստացի, երբ Դուք նեղն եք ընկնում, դիմում եք երեք խմբակցություններին՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և նրա օգնությամբ խնդիրներին տալ լուծումներ։ Պարոն քաղաքապետ, Ձեզ ի՞նչն է ստիպել, որ   «Կամազների» գնման գործընթացը քննարկեք Կառավարությունում և դրա մասին մեզ՝ մյուս ընդդիմադիր ուժերին նախապես չասեք։

Չնայած օրերս «Իմ քայլը» խմբակցության անդամը Հանրային հեռուստաընկերության եթերով տեղեկացրեց, որ գնման գործընթացի վերաբերյալ իրենց խմբակցությունից տեղյակ են եղել 4-5 հոգի։ Գործադիր մարմինը պարտավոր է տեղեկացնել բոլոր քայլերի մասին Երևանի ավագանու բոլոր խմբակցության անդամներին։ Պարոն քաղաքապետ, իսկ ո՞վ է ասել, որ պետք է 16 «Կամազ» լինի, այլ ոչ թե, օրինակ՝ 10, ունե՞ք համապատասխան մոնիտորինգ, համոզված եմ, որ չունենք։ Փաստացի դուք արհամարհել եք մյուս երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե համամիտ չեք իմ  բարձրացրած խնդրի հետ, ապա պատրաստ եմ այս նիստից հետո դեմ առ դեմ բանավեճի լրագրողների ներկայությամբ»,- շեշտեց Միքայել Մանրիկյանը։

Արձագանքելով՝ քաղաքապետը նկատեց՝ երևի ժամանակաշրջանը Միքայել Մանրիկյանը շփոթել է, քանի որ նախընտրական շրջան չէ, նախընտրական պայքար չէ, ուստի ի՞նչ բանավեճի մասին կարող է խոսք լինել։

Միքայել Մանրիկյանը նաև պահանջեց, որպեսզի հրապարակվի քաղաքապետարանի և «ՍանիԹեքի» միջև  վերջին 6 ամիսների եղած նամակագրությունը, եթե այն չհրապարակվի, ապա կասկածներ կլինեն, որ տեղի են  ունեցել ինչ-որ սև գործեր։

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ քաղաքապետից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է նրա այն պաթոսը, թե քաղաքապետի համար տարբերություն չկա խմբակցությունների միջև։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս