Բաժիններ՝

«Ես 28 տարում այգի ստեղծեմ, էսօր մեկը գա, թուղթ ցույց տա ու ասի՝ դու այս այգու տերը չես, դո՛ւրս արի, գնա՞»

ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Սամվել Մկրտչյանն օրվա մեծ մասն անցկացնում է Կառավարության դիմաց. միակ պահանջն այն է, որ հողը չխլեն ձեռքից:

«Այդ հողերն իմ ընտանիքին ու համայնքի ողջ բնակչությանը տվել են 1991 թվականին, երբ լուծարվեց Շենգավիթ վարչական շրջանի կոլտնտեսությունը: Որպես 12 հոգուց բաղկացած ընտանիք՝ մեզ 4000քմ հող հատկացրեցին: Այդ հողերը մեզ պայմանագրով էին տվել, բայց 2004 թվականին ժամկետը լրացավ ու նոր պայմանագիր չկնքվեց, ասացին, որ այս հողերի վերաբերյալ կառավարությունը հատուկ որոշում պետք է ընդունի: Անցավ մեկ տարի, երկու տարի, ժողովուրդը տեսավ, որ իրենց խաբում են, չեն ուզում պայմանագրերի ժամկետը երկարաձգել: Շատերը հուսահատվեցին, հողերն անտերության մատնեցին, մի մասն էլ պահեց՝ ինչպես կարող է: Ես էլ՝ նրանց թվում:

Մնացինք կպած մեր հողին: Ես 2008թ. Քաղաքապետարանին նամակ գրեցի, որ պայմանագրի ժամկետը երկարացնեն, հետո՝ նախագահի աշխատակազմին, բայց ոչ մի արձագանք չեղավ: Ես էլ հո չէի՞ թողնելու՝ այգին չորանար: Ինչ միրգ ասես՝ աճում է: 80 խնձորի, 65 տանձի ծառ կա, սալոր, ընկույզ, դեղձ, ծիրան, ամեն ինչ ունեմ: Այս ամբողջ տարիների ընթացքում ջրի վարձը վճարել ենք, հողինն էլ 2004 թվականից հաշիվը փակել էին, մուծելու տեղ չկար, առանց մեր իմացության՝ 9 տարի առաջ մեր հողերը սեփականացրել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մկրտչյանը:

Նրա փոխանցմամբ՝ օրերս թաղային ոստիկանը եկել ու ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ այդ հողն 9 տարի առաջ աճուրդով գնել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն, բայց բնակիչներից ոչ ոք այդ մասին չի իմացել:

«Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա 7000 մետր սեփականացրել են 2010 թվականին, ու ժողովուրդը տեղյակ չի եղել: Այդպես էլ չեն հիմնավորել, թե պայմանագրերի ժամկետն ինչո՞ւ չենք կարող երկարաձգել:

Հիմա նոր սեփականատերերը դիմել են ոստիկանություն, սրանք էլ եկել, մեզ ասում են՝ դուք ներխուժող եք: Ոստիկանն էլ բերում, թուղթը մեր աչքն է մտցնում, թե՝ տես, ինքը թուղթ ունի, իսկ դու ներխուժող ես, դուրս արի: Ասում եմ՝ 28 տարի աշխատել եմ, 300-400 ծառ եմ տնկել, եկել, ասում ես՝ ներխուժո՞ղ: Մենք չունենք սեփականության վկայական, միայն հողն օգտագործելու պայմանագիրն է, որը տվել է թաղապետարանը:

Հասկանո՞ւմ եք, ես այգի ստեղծեմ, էսօր մեկը գա, թուղթ ցույց տա ու ասի՝ դու այս այգու տերը չես, դո՛ւրս արի, գնա՞: Վարչապետին էլ, քաղաքապետին էլ եմ դիմել, բայց դեռ պատասխան չեմ ստացել:

Այդ այգին իրական դրախտ է, որ մտնում ես, էլ չես ուզում դուրս գալ: Հողն ինձ փրկում է, եթե չլիներ՝ հիմա երևի խելագարվել էի:

Միակ ցանկությունս այն է, որ պայմանագիրը թարմացվի, թե չէ բերելու են կտրեն-թափեն ամեն ինչ, լսել եմ, որ ինչ-որ շինություն են ուզում սարքել այստեղ»,- մանրամասնեց Սամվել Մկրտչյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս