Բաժիններ՝

Պակիստանում զինյալները հարձակվել են ավտոբուսի վրա, սպանվել է առնվազն 14 մարդ

Առնվազն 14 մարդ է սպանվել Պակիստանի Բելուջստանի նահանգում ավտոբուսի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Dawn թերթը: «Զինվորական համազգեստով 15-20 զինյալներ կանգնեցրել են հինգ-վեց ավտոբուս»,-պատմել է Բելուջստանի ոստիկանության գլխավոր տեսուչ Հասան Բաթը:

«Գիշերվա ժամը մոտավորապես 1-ին հարձակվողները կանգնեցրել են հերթական ավտոբուսը, ինչից հետո ստուգել են ուղեւորների ինքնության քարտերը եւ ավտոբուսից հանել նրանցից 16-ին,-հավելել է նա:-Դա նպատակադրված սպանություն էր, զոհերը որոշվել էին ըստ նրանց փաստաթղթերի, ինչից հետո գնդակահարվել»:

Նրա խոսքով՝ սպանվել է առնվազն 14 մարդ, երկու ուղեւորների հաջողվել է թաքնվել եւ հասնել իրավակարգի ուժերի մոտակա բաժին: Միջադեպի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն հետաքննություն են սկսել: Պարզվում են հանցագործության դրդապատճառները, ինչպես նաեւ զոհերի անձնական տվյալները: Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանաատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս