Զարթոնքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 5 տուժածներից 4-ը հիվանդանոցից դուրս են գրվել, մեկի վիճակը կայուն ծանր է
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 5 տուժածից 4-ը դուրս են գրվել Արմավիր բժշկական կենտրոնից, միայն մեկի վիճակն է գնահատվում կայուն ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին հայտնեցին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ժամանակ:
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով շտապօգնության մեքենայով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիր ԲԿ, 1-ն էլ իր ոտքով է ներկայացել հիվանդանոց:
Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուս 4-ն էլ արդեն դուրս են գրվել և գտնվում են ոստիկանական բաժանմունքում:
Արմավիր ԲԿ-ի հերթապահ բժիշկ Վարուժան Սաֆարյանը նշեց, որ առավոտյան 10:15-ի սահմաններում իրենց մոտ է բերվել 4 տուժած, նրանք ստացել են առաջնային բուժօգնություն:
«Տուժողներից մեկի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի ստորին երրորդականի առաջային մակերեսի քերծվածք, մյուսի մոտ՝ աջ հոնքի և ստորակնակապճային շրջանի սալջարդ-վերքեր, երրորդի մոտ ձախ հոնքի սալջարդ-վերք, չորրորդ տուժողը՝ աջ սրունքի ստորին երրորդականի քերծվածք-վերքեր և վերջինն, ով տվյալ պահին գտնվում է բաժանմունքում՝ քթի, ձախ ականջախեցու սալջարդ-վերքեր, ձախ ուսահոդի և աջ թիակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ»,- ասաց հերթապահ բժիշկը և հավելեց, որ հիվանդանոցում գտնվող տուժողի կյանքին վտանգ չի սպառնում: